Արցախյան պատերազմից հայտնի լուսանկարի տղան՝ Արման Եդիգարյանը տանն է։ «Զինուժ մեդիան» հարցազրույց է արել հրետանավոր Արմանի հետ, որը մեկ շաբաթից կրկին մեկնելու է ծառայության։
Թե ինչպես լուսանկարիչն անմահացրեց պահը, ինքը չի հիշում. «Ես չեմ էլ նկատել, որ նկարում են ինձ»։
Ամենաթեժ օրերին, ամենաթեժ բնագծերից մեկում՝ Ջրականում, երբ Արման վերջին ճիգով հրետանուց կրակ էր արձակում, հենց այդ պահին իր գործընկեր Սիփան Գյուլումյանը հավերժացրեց Արմանի ու Ալբերտի կռվի պահը։
Բոլորի սրտերը նվաճած համեստ հրետանավորն ասում է՝ այդ լուսանկարները լավագույն ապացույց են, թե ինչպես էին մեր զինվորները կյանքի գնով հայրենիք պաշտպանում. «Ողջ աշխարհը տեսել է մեր բանակի կռիվը։ Ես ոչ թե իմ համար եմ ուրախ, որ ես երեւում եմ այդ լուսանկարում, այլ տեսնեն, թե հայ զինվորն ինչպիսի կերպար ունի»։
Կռվի դաշտում գտնվող որդուց օրեր շարունակ լուր չունեցած մայրը համացանցում պատահաբար է տեսնում նկարը, ասում է՝ հրետանուց կրակ արձակող ձեռքերից է ճանաչել զավակին։
Պատերազմի սկսվելուն պես որդուն ու առաջնագծի զինվորներին օգնության է շտապել Արմանի հայրը։
«Անհանգստությունն ավելի էր շատանում, արդեն իմ մասին չէի մտածում, մտածում էի հորս մասին։ Հետո զգացի, որ հայրս ինձ դուխ ա տալիս, արդեն սովորական էր դարձել»,- պատմում է հրետանավոր Արմանը։
Արմանը բազմաթիվ անգամներ մահվան աչքերին է նայել, բայց այդ մասին չի ուզում հիշել։
Պատերազմում ամենածանրը ընկերոջ մահն է, իր համար հատկապես՝ Ալբերտի. կողք կողքի են կռվել, վերջին զրույցն էլ իր հետ է ունեցել։