«Չկա մեկը, լիներ մեծ, թե փոքր, որ Նարեկի հետ երկու բառ փոխանակելուց հետո չհամակրեր իմ տղային: Մենք Երևանում էինք ապրում, բայց հետո տեղափոխվեցինք գյուղ: Շատ կարճ ժամանակում Նարեկս սիրվեց մեր համագյուղացիների կողմից, և բոլորը արցունքն աչքերին մեզ հետ ճանապարհեցին իմ հերոս տղուն՝ դեպի անմահություն»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց թշնամու դեմ ծավալված մարտերում զոհված Նարեկ Բադալյանի հայրը՝ Արման Բադալյանը:
Հերոսը ծառայության սկզբում 6 ամիս անցկացրել է Գյումրիում, այնուհետև տեղափոխվել Ստեփանակերտ՝ այն շարունակելու: Սեպտեմբերի 27-ից սկսած Նարեկը թշնամու դեմ մարտնչել է ամենաթեժ կետերում, բայց մինչև վերջին շունչն էլ իրեն այնպես է պահել, որ տանեցիները անգամ չեն էլ մտածել, որ իրենց զավակը օրեր շարունակ կյանքի ու մահու պայքար է մղել. «Պատերազմական օրերին մեզ ամեն օր զանգահարում էր, միայն երկու օր է եղել, որ չի զանգահարել, բայց նորից հայտնվել է և շարունակել մեզ հետ այնպես խոսել, իբրև բան չի պատահել: Նարեկը դիտավորյալ մեզ օրվա այն ժամերին էր զանգահարում, երբ համեմատաբար հանգիստ էր լինում, և կրակոցի ձայներն էլ չէին լսվում»,- նշեց հերոսի հայրը:
Որքան էլ, որ Նարեկը ընտանիքից փորձում էր թաքցնել իր թեժ կետերում գտնվելու փաստը, այնուամենայնիվ, հայրը հոգու խորքում գիտեր, որ դժվար թե հակատանկիստի անհրաժեշտություն չլիներ դիրքերում. «Երբ տղաս զգաց, որ արդեն գլխի եմ ընկել, որ ինքն էլ է պատերազմի մասնակից, սկսեց ինձ ոգևորել, դեռ ինքն էր ինձ դուխ տալիս: Ես էլ իրեն խնդրեցի՝ Նա՛ր, ինչ ուզում ես արա, բայց ամեն օր ինձ իմաց տուր, որ դու ողջ ես, որ դու կաս, թեկուզ զանգի, ասա բարև ու անջատի, կամ հրամանատարներից մեկին խնդրի, թո՛ղ քո փոխարեն խոսեն ու ասեն, որ լավ ես, միայն թե՝ լուր ունենամ քեզանից»,- հուզմունքով պատմում է Նարեկի հայրը:
Նարեկը՝ ոտքից վիրավոր շրջափակման մեջ գտվելիս է լինում, և այդ ընթացքում զանգահարում է երկու մարդու՝ հրաժեշտ տալու. «Զանգահարում է իր ընկերներից մեկին և եղբորս տղային: Երկուսին էլ ասում է, որ վիրավոր է և շրջափակման մեջ, որ այլևս չսպասեն նրա վերադարձին: Երբ իմացա այս խոսակցության մասին, միանգամից հարցրի եղբորս տղային՝ Նարեկը հո չէր լացում, ասաց հոպար, ինչ ես խոսո՞ւմ, Նարեկը լացի՞, դեռ մի բան էլ ինքն էր մեզ հույս տալիս, որ շատ լավ կլինի ամեն ինչ, և ոչինչ, որ արդեն առանց իրեն»,- խորը ցավով նշեց Արման Բադալյանը:
Մեզ հետ զրույցում նա նաև ասաց, որ մտադրություն ուներ որպես կամավոր մեկնել և որդու հետ պաշտպանել սահմանները, բայց տղան թույլ չէր տվել, ասելով՝ պա՛պ, դու որ գաս, ես ստեղ կռվե՞մ, թե՞ քեզ պաշտպանեմ. «Այնուամենայնիվ, որպես կամավոր, ես էլ գնացի պարտքս հայրենիքիս առաջ կատարելու: Ինձ զանգահարեցին ու ասացին, որ տղաս վիրավոր է, այդ կերպ ինձ դիրքերից իջեցրին, Երևան բերեցին, նոր ասացին, թե իրականում ինչ է պատահել»,- ասաց Նարեկի հայրը:
Վերջին շրջանում մենք հողին շատ ու շատ հերոսներ տվեցինք, որոնք մեկը մյուսից լավագույն հատկանիշներով տարբերվում էին իրարից, այլ էր նաև Նարեկ անունով հերոսը, նա արեց այնպիսի բան, որը անելու համարձակություն, երևի թե, ոչ բոլորը կունենային. «Նարեկս խոցել էր 3 տանկ: Երբ գնացի որդուս դիակը ճանաչելու, տեսա, որ բացի ոտքի բեկորային վնասվածքից, ուղիղ պարանոցի ներքևում կար հրազենային վնասվածք: Տղաս նախընտրեց ինքնասպան լինել, քան գերի լինել թուրքին: Ես հպարտ եմ իմ հերոս տղայով, նրա մասին բոլորը պիտի իմանան»,- սրտի խորը կսկիծով նշեց Նարեկի հայրը: