Նուբար Աֆեյանի ընկերության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մեկ դեղաչափը կարժենա 25-37 դոլար


Նուբար Աֆեյանի ընկերության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մեկ դեղաչափը կարժենա 25-37 դոլար
Նոյեմբեր 22 17:58 2020

Ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանին պատկանող Moderna ընկերության՝ կորոնավիրուսի դեմ ստեղծած պատվաստանյութի մեկ դեղաչափի արժեքը կտատանվի 25-37 դոլարի սահմանում: Ինչպես փոխանցում է РБК-ն, այս մասին գերմանական Welt պարբերականին հայտնել է ընկերության ղեկավար Ստեֆան Բանսելը:

Նրա խոսքով՝ վերջնական գինը կախված կլինի խմբաքանակի չափից, որն անհրաժեշտ կլինի պատվիրատուին: «Դա արդար գին է՝ հաշվի առնելով COVID-19-ով վարակված ծանր հիվանդի բուժման ծախսերը առողջապահության համակարգի համար: Մենք հետաքրքրված չենք առավելագույն շահույթ ձեռք բերելու գործում»,- ասել է ընկերության ղեկավարը:

Վերջինս ընդգծել է, որ ներկա պահին ընկերությունը բանակցություններ է վարում Եվրահանձնաժողովի հետ պատվաստանյութը Եվրոպա մատակարարելու համար:

Մինչև տարեվերջ ընկերությունը մտադիր է 20 մլն դեղաչափ արտադրել, որի մի մասը հասանելի կլինի Եվրոպայում:
 
Հիշեցնենք, որ ընկերության՝ օրեր առաջ հրապարակած հաշվետվության համաձայն՝ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլի արդյունքները 95 տոկոս արդյունավետություն են ցույց տվել: