Հադրութում (որը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ - խմբ.) մնացել է գինու երեք ձեռնարկություն, այդ թվում` «Կատարո» ձեռնարկությունը: Այս մասին նոյեմբերի 19-ին NEWS.am-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը:
Նա հավելել է, որ հրետակոծության արդյունքում մասամբ վնասվել են Մարտունու եւ Մարտակերտի գինու գործարանները:
«Արտադրության մեջ լուրջ ներդրումներ էին արվել: Ռազմական գործողությունների արդյունքում ընդհանուր վնասն ավելի քան 1 միլիոն դոլար է կազմել: Ձեռնարկությունների արտադրանքը շատ բարձրորակ էր եւ հիմնականում արտահանվում էր: Խաղողի այգիներում աշխատողներից բացի, գործարաններն աշխատանքով էին ապահովում ավելի քան 40 մարդու»,- նշեց փորձագետը:
Հարությունյանը պարզաբանեց, որ Ասկերանում եւ Ստեփանակերտում ձեռնարկությունները չեն տուժել:
«Քանդված ձեռնարկությունները կարող են վերականգնվել, եւ այդպիսի ցանկություն կա, իսկ այն տարածքներում, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ չեն անցել, հնարավոր է նույն խնդողնի եւ եվրոպական սորտերի խաղողի լուրջ արտադրություն կազմակերպել, այդ թվում` օգտագործելով Սարսանգի ջրամբարի հնարավորությունները: Ասկերանում եւ Մարտակերտում դրա համար պայմաններն իդեալական են»,- եզրափակեց նա: