«Տարածքներն Ադրբեջանին փոխանցելու նախօրեին հազարավոր հայեր լքում են Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի շրջանը: Շատերը հրկիզում են իրենց տները, որպեսզի ոչինչ չթողնեն թշնամուն», - գրում է Der Spiegel գերմանական ամսագիրը, որի հոդվածը հրապարակվել է նաև inopressa.ru կայքում:
Ուսուցիչ Արամ Պետրոսյանը չի կարող դա ընդունել, բայց նա վերցրել է գոնե այն, ինչ կարող էր: Կահույք, ջրհորդաններ, դռներ, սպասքով լցված տուփեր, որոնք բեռնված են նրա խորհրդային «ԳԱԶ» մակնիշի մեքենայում: 49-ամյա տղամարդը նշում է, որ սա երկրորդ ուղևորությունն է:
«Մեր մնացած իրերն արդեն այնտեղ են»,-ասում է տղամարդը: Այնտեղը՝ Հայաստանի Հանրապետության տարածքն է:
20 տարի առաջ Արամը եկել է Քարվաճառ՝ առաջին պատերազմից հետո այստեղ նոր դպրոց կառուցելու:
Պետրոսյանը վերջին անգամ մտնում է իր տուն: Հատակը ջուր է եղել, առաստաղից կաթում է:
«Մենք հանել ենք խողովակաշարերն ու բաքերը», - բացատրում է նա, իր համար մի մեծ բաժակ թթի օղի է լցնում ու խմում է մեկ կումով: «Դա օգնում է, գոնե մի փոքր»:
Հետո նա վերջին անգամ փակում է իր տան դուռը և սկսում է դողալ: Աչքերը լցվում են արցունքով, մաքրում է մորուքավոր դեմքը:
«Ոչ ոք մեզ չտեղեկացրեց, ոչ ոք մեզ չօգնեց: Ի՞նչ կլինի հիմա, մենք չգիտենք», - ասում է տղամարդը:
«Այդ ժամանակ, մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա, Դադիվանքի մուտքի մոտ ռուս զինվորներն արդեն գրավել էին իրենց դիրքերը: Նրանց այստեղ ուղարկելը հրադադարի մասին հայտարարության շրջանակում է, նրանց տանկերի վրա դեղին հապավում կա, որը նշանակում է «խաղաղապահ ուժեր: Դեռևս պարզ չէ, նրանք կապահովեն հայերի համար գլխավոր ճանապարհով անցումը թե ոչ, բայց քրիստոնեական սրբավայրերի պաշտպանությունը երաշխավորված է»,-եզրափակում է պաաղբյուրը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբ»եջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:
Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր: