Պուտինը «չափազանցված» է որակել կարծիքներն առ այն, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան կարող էին «նեղանալ» ԼՂ հակամարտության կարգավորման հարցում մասկացություն չունենալու համար


Պուտինը «չափազանցված» է որակել կարծիքներն առ այն, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան կարող էին «նեղանալ» ԼՂ հակամարտության կարգավորման հարցում մասկացություն չունենալու համար
Նոյեմբեր 18 11:58 2020

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չափազանցված է համարում կարծիքներն առ այն, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան կարող էին «նեղանալ» Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում մասկացություն չունենալու համար, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Նեղանալու մասին չգիտեմ։ Երբ նման մակարդակով և նման համատեքստում հարցեր են լուծվում, երբ խոսքը վերաբերում է առողջությանը և կյանքին, պատմական հեռանկարով միլիոնավոր մարդկանց ճակատագրերին, նեղանալու ժամանակ չկա, այդտեղ լիովին այլ չափանիշներ են հաշվի առնվում»,- նշել է Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերի ժամանակ։

«Կարծում եմ, որ իրականում հիպերբոլ, գեղարվեստական չափազանցություն է կարծել, թե որևէ մեկը նեղացել է մյուսից»- նշել է նա ՌԴ նախագահը։

Նա խոսել է նաև իրավիճակի կարգավորման հարցում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ունեցած դերի մասին։

«Ինչ վերաբերում է Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դերին, շատ բարձր եմ գնահատում նրանց, քանի որ միշտ գործի մեջ են եղել, այս խնդրի լուծման տարբերակներ են փնտրել»,- ընդգծել է Պուտինը և հավելել, որ 2013 թվականից սկսած հակամարտության ապագա կարգավորման ձևաչափի մասին Ռուսաստանի առաջարկին աջակցել են և՛ Ֆրանսիան, և՛ ԱՄՆ-ն, ինչպես նաև այդ ուղղությամբ համերաշխության մթնոլորտում աշխատանքներ են տարել։

«Հարցն այն էր, թե ինչպե՞ս և արդյո՞ք հնարավոր էր մեր եռակողմ հայտարարության հիմքում, կրակի դադարեցման հիմքում ընկած վերջնական փաստաթղթի կազմման ժամանակ հաշվի առնել բոլոր գործընկերների կարծիքները․ դա զուտ տեխնիկական բնույթի հարց էր, քանի որ այն կարգավորման սկզբունքների ընդհանուր դիրքորոշումների հիմքը չի խարխլել»,-նշել է Պուտինը՝ պարզաբանելով, որ հրապարակված հայտարարությունը լիովին համապատասխանում է եռակողմ դիրքորոշումներին։

Պուտինը հրաժարվել է գնահատել վերջին ամիսներին Լեռնային Ղարաբաղի իրավիճակին Թուրքիայի ներգրավվածությունը։

«Չեմ կարծում, թե Թուրքիայի դերը գնահատելն իմ պարտականությունների մեջ է մտնում։ Տարբեր երկրներ տարբեր կերպ են գնահատում իրավիճակը։ Այս պահին տարբեր պետություններ տարբեր հարաբերություններ են ձևավորում Թուրքիայի հետ»,- նշել է նախագահը՝ հիշեցնելով, որ Ռուստաստանն ու Թուրքիան նաև «դրամատիկ» հարաբերությունների մեջ են եղել։

Պետության ղեկավարը խոսել է նաև Գերմանիայի և Ֆրանսիայի օրինակով ապագայում տարաձայնությունների հաղթահարման մասին։ Պուտինը նշել է, որ իրար մեջ եղած երկար պատերազմներից հետո այս երկրները, իրենց ժողովուրդների հետաքրքրություններից ելնելով, բարելավել են իրենց հարաբերություններն ու այժմ անգամ ՆԱՏՕ-ի շրջանակներում պաշտպանության և անվտանգության ոլորտում գործառույթներ են իրականացնում։

«Ինչու այստեղ՝ սևծովյան տարածաշրջանում էլ նույնը չենք կարող անել»,- եզրափակել է Պուտինը: