Վահրամ Պողոսյանը արձագանքել է Աննա Հակոբյանի և Պեգովի վերաբերյալ միջադեպերի մասին Գաբրիելյանովի հայտարարություններին


Վահրամ Պողոսյանը արձագանքել է Աննա Հակոբյանի և Պեգովի վերաբերյալ միջադեպերի մասին Գաբրիելյանովի հայտարարություններին
Նոյեմբեր 15 19:15 2020

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն այսօր ֆեյսբուքյան երկու գրառմամբ արձագանքել է «Իզվեստիա» թերթի խմբագրության տնօրենների խորհրդի նախագահ, «News Media» հրատարակչության տան նախագահ եւ գործադիր տնօրեն Արամ Գաբրիելյանովին:

Արամ Գաբրիելյանովը Սոլովյով Live հաղորդման եթերում ասել էր, որ պատերազմի առաջին օրերից Լեռնային Ղարաբաղում է գտնվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը, որը միջադեպ է ունեցել գեներալներից մեկի հետ։ Գաբրիելյանովը, մասնավորապես ասել է․ «Նա բանակից ինչ-որ բան հասկանո՞ւմ է: Նա շտաբերի բոլոր նիստերին նստել եւ լսել է: Նրան ասել է մի գեներալ. «Լսեք, Դուք կին եք, դուրս եկեք, մի խանգարեք մեզ այստեղ»: Փաշինյանը զանգել է եւ ասել Արցախի նախագահին. «Հեռացրեք այդ գեներալին: Նա կոպիտ է խոսել իմ կնոջ հետ: Ի՞նչ է դա: Դա առհասարակ ի՞նչ անհեթեթություն է»։

Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այս հայտարարությանը՝ հերքելով գեներաալի եւ Աննա Հակոբյանի միջեւ միջադեպի լուրը, ապա կարճ ժամանակ անց հեռացրել գրառումը։ Հատկանշական է, որ թեեւ Գաբրիելյանովը չէր նշել, թե որ գեներալի հետ է միջադեպը եղել, Վահրամ Պողոսյանը լուրը հերքելիս անուն է տվել՝ Մովսես Հակոբյան։

«Պարտության մղջավանջը, ծանր ապրումները, ցավոք, դեռ երկար ժամանակ մեզ չեն լքելու: Միֆերն ու մեղավորների փնտրտուքը, որքան էլ անընդունելի լինի, ստեղծված իրավիճակում բնական է, քանի որ դառը իրականությունը միշտ դժվար է յուրացվում հանրային ընկալումներում: Պատերազմի 44 օրերի ականատեսն եմ եղել և լավագույնս տեղյակ եմ քաղաքական հիմնական զրույցներին ու քննարկումներին, որոնց մասին մի օր անպայման գրելու եմ, երբ սթափ ու սառը դատելու և ընկալելու ժամանակները գան: Բայց, հանուն արդարության, այսօր կանդրադառնամ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մասին տարածված մեկ միֆի, որ իբր մասնակցում էր ռազմական խորհրդի նիստերին և դրնացից մեկի ժամանակ միջադեպ է եղել գեներալ Մովսես Հակոբյանի հետ:

Իրականում Աննա Հակոբյանը պատերազմի ժամանակ Արցախում գտնվելու օրերին ներգրավված էր բացառապես թիկունքային աշխատանքներով: «Հայտնի միջադեպ»-ի մասին խոսակցություններին մեկ անգամ արդեն առիթ եմ ունեցել անդրադառնալու՝ չբարձրաձայնելով իրականությունը, ինչը պատերազմի օրերին անթույլատրելի էր: Մովսես Հակոբյանի Արցախից առժամանակ բացակայելու փաստը ոչ թե որևէ խոսակցության, այլ կորոնավիրուսային հիվանդության և դրան հետևած թոքաբորբի պատճառով էր: Այս համատեքստից դուրս մնացած խոսակցություններն իրականության հետ որևէ աղերս չունեն:

Առայժմ այսքանը»,- գրել է նա։

Մեկ այլ գրառմամբ Վահրամ Պողոսյանը պատասխանել է  WarGonzo նախագծի հեղինակ, ռուս լրագրող Սեմյոն Պեգովին առնչվող դեպքի մասին Գաբրիելյանովի հայտարարությանը։ Գաբրիելյանովն ասել էր, որ երբ ռուս լրագրող Սեմյոն Պեգովը գրել է Արցախում Ռոբերտ Քոչարյանի ժանանման մասին, 20 րոպե անց Վահրամ Պողոսյանը զանգել է իրեն, ասել, որ հետ են ուղարկում Պեգովին, քանի որ Հայաստանի վարչապետը զանգահարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին՝ Քոչարյանի ժամանման մասին Պեգովի գրառման պատճառով:

Վահրամ Պողոսյանն այս առնչությամբ գրել է․ «Հայտնի հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովի հաղորդման ռադիոեթերում Արթուր Գաբրիելյանովը երեկ ապատեղեկատվություն է տարածել, թե իբր պատերազմի օրերին զանգել եմ իրեն և նրա հետ քննարկել «ՎարԳոնզո» նախագծի անդամ, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի Արցախից հեռացնելու հարցը: Սա հիմարություն է: Քիչ առաջ եմ հեռախոսազրույց ունեցել Սեմյոնի հետ. Նա ևս զայրացած է այս ակնհայտ կեղծ տեղեկատվությունից և շուտով կարձագանքի դրան»։