Էդ տղերքը մեզ հրամայում են՝ չխեղճանաք, ոտքի ենք կանգնելու եւ վերադառնանք մեր Շուշի, Հադրութ, Բերդաձոր. Տարոն Տոնոյան


Էդ տղերքը մեզ հրամայում են՝ չխեղճանաք, ոտքի ենք կանգնելու եւ վերադառնանք մեր Շուշի, Հադրութ, Բերդաձոր. Տարոն Տոնոյան
Նոյեմբեր 14 17:52 2020



Այսօր հավաքվել ենք այստեղ հիշատակելու մեր քաջ նահատակներին. Զինվորների եւ սպայական կազմի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, մոմովառության երթի ավարտին մատենադարանի մոտ իր ելույթում նշեց բժիշկ ազատամարտիկ Տարոն Տոնոյանը:

«Վստահ եղեք, որ անհավասար մարտում մեր քաջ բանակը, քաջ հերոս տղաները մի քանի անգամ կորուստ են պարգեւել նրանց: Մեր քաջերը խեղճ մատաղացու չեն եղել, սա 1915 թվականը չի եղել: Մեր քաջերը տվել են արժանի պատասխան: Անհավասար մարտում, երբ մեր բանակը, անձամբ ես առաջին օրերից հետո, այն կորուստները, որ ես տեսա, մտածեցի, որ մեկ շաբաթ հետո մեր բաակւ կկազմալուծվի, չի դիմանա այդ հարվածին: Բայց փառք ու պատիվ մեր գեներալներին, որոնք մոտակա կռվի մեջ մտնելով, զինվորին իրենց կրծքով պաշտպանելով կարողացան օրինակ ծառայել եւ պաշտպանել: Հազար փառք 18-20 տարեկան զինվորներին եւ կամավորական այն տղաներին, որոնք տունը չնստեցին, գնացին սահմանները պաշտպանելու:

Այսօր մենք խեղճանալու, գլխիկոր քայլելու առիթ չունենք: Պարտվել ենք, ցավ է, մենք զինադադարի հաջորդ պահից ճիշտ չենք պատրաստվել: Մեր նահատակները մեզ հրամայում են, վաղվանից պետք է պատրաստվենք, այնքան ուժեղ լինենք, որ որեւէ թշնամի չհամարձակվի ոտնձգություն անել»,-ասաց Տարոն Տոնոյանը:

«Խորին խոնարհում այն բուժքույրերին, որոնք վիրահատականի սեղանը չէին լքում, վազեին տեսնեին իրենց վիրավոր երեխային բերեն, թե չէ: Խորին խոնարհում այն զինվորին, որ հրամանատարը զանգեց ասեց՝ բժիշկ, քո հարազատն էստեղ է, չի ենթարկվում հրամանին, ասել են՝ Հադրութի վաշտը պիտի դուրս գա: Ասեցի, հեռախոսը փոխանցեք իրեն, ասացի՝ Նարեկ ջան, դուրս պետք է գաք, արդեն գրեթե շրջափակման մեջ եք: Ասեց՝ 70 հոգի էինք, մնացել ենք 27-ը, մենք էդ տղերքին երդում ենք տվել, որ էս պոստը չենք թողի: Մենք տենց հերոս տղերք ունենք: Էդ տղերքը մեզ հրամայում են՝ երբեք չխեղճանաք, երբեք ոչ մեկի մտքով չանցնի՝ գաղթի ճանապարհը բռնի եւ ավելի բարեկեցիկ կյանք փնտրի: Մնանք, հզորացնենք, կառուցենք այն երկիրը, որի համար զոհվեցին մեր երեխաները: Նրանք երեխաներ չէին, հասուն քաջեր էին, կազմավորված, հերոս, կրակների  տակ իրենց վիրավոր ընկերներին հանող, պատվով արժանապատիվ քաջ տղաներ էին:

 

Սիրելի որդեկորույս մայրեր, ծանր վշտի առաջ ենք կանգնած, բայց ես լիահույս եմ՝ մենք ոտքի ենք կանգնելու եւ մի օր այսպես բռունցքված պիտի թշնամու գանգին տանք ու պետք է վերադառնանք մեր Շուշի, Հադրութ, Սղնախ, Բերդաձոր: Սա է մեր զոհերի հրամայականը: Այսօր ոգեկոչման օր է, նոր օր է ուժ առնելու, մեջքներս ուղղելու, ամեն օր ազնիվ աշխատելու»,-ասաց նա: