Ռուս խաղաղապահներով ևս 3 ինքնաթիռ է մեկնել Լեռնային Ղարաբաղ


Ռուս խաղաղապահներով ևս 3 ինքնաթիռ է մեկնել Լեռնային Ղարաբաղ
Նոյեմբեր 11 12:55 2020

ՌԴ ռազմական տրանսպորտային ավիացիան Ուլյանովսկից ռուս խաղաղապահներով ևս երեք Իլ-76 ինքնաթիռ է ուղարկել Լեռնային Ղարաբաղի հկամարտության գոտում խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով։

«Ռազմական տրանսպորտային ավիացիայի՝ ռուս խաղաղապահներով բեռնված երեք Իլ-76 ինքնաթիռ 2020 թվականի նոյեմբերի 11-ին օդ են բարձրացել «Ուլյանովս-Վոստոչնի» օդանավակայանից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար», - ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։

ՌԴ ՊՆ-ում նշել են, որ օդանավում գտնվում է Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումների անձնակազմը, ինչպես նաև նյութական ռեսուրսներ, ավոտմեքենաներ ու հատուկ տեխնիկա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԻԼ-76 ինքնաթիռներով արդեն Հայաստան է ժամանել ավելի քան 400 ռուս խաղաղապահ։ Ընդհանուր առմամբ՝ խաղաղապահ առաքելության իրականացման համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտեղակայվի 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ նոյեմբերի 9-ին ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:

«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է»,- ասել է նա: