«Пусть запомнят как героя, пусть напишут, что живой»․ Ծառայության համար հայրենիք վերադարձած հերոսը ևս անմահացավ (լուսանկարներ, տեսանյութ)


«Пусть запомнят как героя, пусть напишут, что живой»․ Ծառայության համար հայրենիք վերադարձած հերոսը ևս անմահացավ (լուսանկարներ, տեսանյութ)
Նոյեմբեր 4 20:07 2020

1999 թվականի մայիսի 19-ին ծնված Հարությունյան Մարտիրոսը ընկավ ռազմի դաշտում՝ հայրենիքի պաշտպանությունը գերադասելով իր կյանքից։ Մարտիրոսի հայրենասիրությունը յուրահատուկ էր, այն Մարտիրոսին էր փոխանցվել գեներով․ «Մարտիրոսը հայրենասիրությունը ժառանգել է հորից, որը մասնակցել է Արցախյան պատերազմին և վիրավորման հետևանքով կորցրել է աչքը։ Հերոսի հորեղբայրը՝ Մարտիրոսը, ևս մասնակցել է պատերազմի՝ 19 տարեկանում կյանքը նվիրելով հայրենիքին»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին պատմեց զոհված Մարտիրոսի հորեղբոր աղջիկը՝ Ալիսա Հարությունյանը՝ հավելելով, որ պատահականություն չէր, որ Մարտիրոսը կնքվեց իր նահատակված հորեղբոր անունով։

Մարտիկը (Մարտիրոսին հաճախ էին Մարտիկ անվանում) մինչև վեց տարեկանը ապրել է Ստեփանակերտում, այնուհետև նրանք ընտանիքով տեղափոխվել են Մոսկվա։ Մարտիկը դեռ փոքրուց շատ աշխույժ երեխա էր․ «Մարտիկի ներսում կուտակված էներգիան ինչ-որ չափով սպառելու նպատակով որոշում ենք նրան կարատեի ընդունել։ Այս ոլորտում նա հաջողություններ է գրանցում՝ դառնալով ՌԴ-ի չեմպիոն։ Հերոսը կրթություն ստանալու հետ մեկտեղ աշխատում էր նաև որպես կարատեի մարզիչ»,- պատմում է Մարտիրոսի քույրը։

Հերոսը սովորում էր գերազանց, ըստ մեր զրուցակցի` նա չափից դուրս ընկերասեր էր, բարի և տաղանդաշատ․ «Մեր Մարտիկը շատ էր սիրում բանաստեղծություններ գրել ոչ միայն առօրյա թեմաներով, այլև սահմանին կանգնած տղաների և պատերազմների մասին»,- նշում է Ալիսան։

Մարտիրոսը, թեև հասկանում էր հայերեն, բայց չէր խոսում․ նրա՝ Արցախում ծառայելու ցանկությունը այնքան մեծ էր, որ վերադարձավ Արցախ՝ հայրենիքին ծառայելու։ Ուսման պատճառով երկու տարի ուշացումով Մարտիրոսը անցավ ծառայության  Ստեփանակերտում․ «Եղբայրս լավագույն դիպուկահարներից էր, շատ ճարպիկ էր։ Պատերազմի ժամանակ, երբ վերջին անգամ խոսեցինք Մարտիկի հետ, երկու քույրերով խոստացանք, որ պետերազմը վերջանա, մեծ սեղան ենք գցելու, ինքն էլ պատասխանեց, թե որ այդպես է՝ անպայման կվերադառնա» ,- խորը կսկիծով վերհիշում է Ալիսան։

Վերջին օրերին Մարտիրոսի բարեկամները նրա համար յուրահատուկ սիրով ու հոգատարությամբ մի ծանրոց են պատրաստում, որում կար նաև նամակ, սակայն․․․ « Հոկտեմբերի 25-ին, երբ հորաքույրս, ծանրոցը թողնելով անհարժեշտ վայրում, վերադառնում էր, ճանապարհից նրան զանգահարում են և հայտնում եղբորս զոհվելու մասին գույժը։ Ավաղ, ծանրոցը այդպես էլ չի հասնում իրական հասցեատիրոջը․․․»,- մեծ ցավով նշեց Մարտիրոսի քույրը։

 Նշենք, որ հերոսը զոհվեց թշնամու արձակած անօդաչու թռչող սարքի հարվածից։

Ստորև ներկայացնում ենք Մարտիրոսի գրած բանաստեղծությունը․

Рассвет сменяется закатом
И жизнь уходит на откат.
Я родился быть солдатом,
Я рождён был воевать.
 
Под палящем солнцем юга,
Под холодным снегом гор
Свою жизнь несу я гордо
Я любовь несу с собой
 
И нет преград для моей веры
Тут нет преграды передо мной
Я рождён был с кровью война
Я рождён был быть собой
 
И идя дорогой боли
Я несу в ваш мир покой,
Пусть запомнят как героя
Пусть напишут,что живой...