Նարեկն ընտրեց բանակը՝ կիսատ թողնելով ուսումն ու անկատար՝ մեքենա ունենալու երազանքը


Նարեկն ընտրեց բանակը՝ կիսատ թողնելով ուսումն ու անկատար՝ մեքենա ունենալու երազանքը
Նոյեմբեր 3 23:55 2020

Կոմիտասցի Նարեկը՝ ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայող Նարեկ Սիմոնյանը, մի քանի օրից կդառնար 19 տարեկան։ Զորակոչվել էր այս տարվա հունվարին։

Տատիկը՝ Երջանիկ Սարուխանյանը, հիշում է՝ զորակոչվելիս տրամադրությունը բարձր էր՝ մարտական։

Կարող էր նաև չծառայել առողջական խնդիրների պատճառով, բայց նախընտրեց բանակը։

«Ինքը պատճառներ ուներ չգնալու, ինչքան պրոբլեմ ուներ, սրտի խնդիր ուներ, վզի խալի խնդիր ուներ, որը հակացուցված էր բանակ գնալու համար, բայց ոչ մի բան հաշվի չառավ, բժիշկները քանի ամիս իրեն տարել բերել էին, որ տեսնեն ենթակա է ծառայության, թե չէ: Բայց ինքը վերջում ասաց՝ ես գնում եմ բանակ»,- պատմում է զոհված զինծառայողի տատիկը։

Նարեկն ապագա գինեգործ էր։ Գինիներից և՛ հասկանում էր, և՛ պատրաստման գործում երբեմն օգնում էր տատին։ Ագրարային համալսարանի գինեգործության բաժնի ուսանող էր։ Վերջին ստուգարքներն ու քննությունները հանձնել էր ու գնացել ծառայության։

«Տատիկ, մենք միասին պիտի անենք էդ գործը, ասում էի հա ցավդ տանեմ, կանենք, մենակ դու լավ սովորի, դու բաղադրատոմսերը պիտի լավ սովորես, էն մնացած բաները ես կանեմ:  Շատ սիրով դասի էլ գնաց, կուրսայիններն էլ հանձնեց առաջին սեմեստրի ու բանակ գնաց»,- վերհիշում է տատիկը։

Նա նշում է՝ Նարեկը բնատուր խելացի էր, նախքան պատերազմի սկսվելը գրքեր էր ուզել:

«Մի օր զանգեց, քիմիայի գիրք ուզեց, ասաց նենց եմ ուզում պարապել, ասացի կուղարկեմ, ցավդ տանեմ, ասաց տատիկ հենց սկզբից․ որ քիմիան սկսվում ա, հենց առաջին գրքից կուղարկես: Չհասցրինք»,- պատմում է տիկին Երջանիկը։

Նարեկը ծառայում էր Արցախում՝ Իվանյանում։ Պատերազմի սկզբից առաջնագծում էր։ Գրեթե ամեն օր կարողացել է ընտանիքի հետ կապ հաստատել, միշտ ասել է, որ լավ է, երբեք ոչնչից չի բողոքել։

Հարազատներն անգամ չեն իմացել, թե որ ուղղությամբ է կռվում ու որտեղ է։ Երբ ծանոթներից էլ հարցրել են Նարեկի մասին, պատասխանել են՝ դուք մտածելու բան չունեք, շատ կազմակերված տղա է։

«Ուրիշ էր իր մտածելակերպը, իր պահելաձևը, անգամ մոր թաղմանը, ես տատ էի, բայց ապշել էի, իր պահվածքից։ Նարեկիս մաման մահացած էր, բա ասում էին չէին տանելու առաջին գիծ, ինչի՞ տարան, էրեխես սենց եղավ»,- ասում է Երջանիկ Սարուխանյանը։

Նա հպարտությամբ է հիշում՝ ոչ մեկը երբևէ չի ասել, թե Եջանիկի թոռը կռվի մեջ է ընկել։ Միակ կռիվը, այն էլ կատակով, եղել է փոքր քրոջ հետ։ Իսկ բանակ գնալուց էլ քրոջը հորդորել է, որ ինչ խնդիր ունենա, անպայման ասի, ու հանկարծ չմտածի եղբորը չանհանգստացնելու մասին։

«Մենք շատ-շատ ենք կռվել։ Բայց հենց տանը մենակ էինք լինում, էդ ժամանակ իրար հետ էնքան ջերմ էինք, էնքան լավ էր, ինչ ասում էր, միանգամից անում էի»,-հիշում էր Նարեկի քույրը՝ Հասմիկ Սահակյանը։

Նարեկի առանձնահատուկ ուշադրությանն արժանանում էր զարմուհին՝ Անուշիկը։ Նա պատմում է, որ ամեն անգամ դպրոցից բերելուց անպայման իր համար որևէ բան պիտի առներ։ Անուշիկը հեռախոսի մեջ պահում է եղբոր նկարներն ու հերթով թվարկում, թե որոնք է ինքը նկարել։

Նարեկը վերադառնալուց հետո պիտի գներ իր ամենասիրելի մեքենան՝ «Նիվան» ու զբաղվեր իր սիրելի մասնագիտությամբ։ Նարեկի հազար ու մի նպատակները մնացին կիսատ։

Մանրամասները՝ տեսանյութում։