«ՊԲ-ին հաջողվել է գուշակել հակառակորդի գործողությունները և կենդանի ուժը ոչնչացնել մեկ վայրում». Սուրեն Սարումյան


«ՊԲ-ին հաջողվել է գուշակել հակառակորդի գործողությունները և կենդանի ուժը ոչնչացնել մեկ վայրում». Սուրեն Սարումյան
Նոյեմբեր 1 15:04 2020

Երեկ երեկոյան հակառակորդը փորձել է կատարել հարձակման փորձեր ռազմաճակատի ամբողջ երկարությամբ, այդ փորձերը հատկապես ինտենսիվ են եղել Մարտունու և Շուշիի ուղղություններով։ Մարտունու ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները կատարել են մարտավարական խուսավարումներ՝ առաջնագիծը մարտ վարելու համար ավելի հարմար դարձնելու նպատակով։ Դա մարտավարության մի մասն է։ Այս մասին ասել է ԱՀ ՊՆ մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյան, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
     Երկրորդ ուղղությամբ ՊԲ-ին հաջողվել է գուշակել հակառակորդի հավանական գործողությունները և նրանց առաջ եկող շարասյուներն ու կենդանի ուժը ոչնչացնել մեկ վայրում։

Այդ վայրն այսուհետ ադրբեջանցիները կարող են անվանել Դժոխքի ձոր, որովհետև այդ վայրում ունեցել են մեծաթիվ կորուստներ, և լիովին ձախողվել է նրանց մտահղացումը։
     Ներկայումս ՊԲ ստորաբաժանումները վստահորեն զբաղեցնում են իրենց բնագծերը, վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և պատրաստ են կասեցնել հակառակորդի բոլոր ոտնձգությունները:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է ավելի քան 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120-ից ավելի քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։