Արտակ Բեգլարյանն ուղերձ է հրապարակել այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերի կողմից ռմբակոծված Ստեփանակերտի կենտրոնական շուկայից (տեսանյութ)


Արտակ Բեգլարյանն ուղերձ է հրապարակել այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերի կողմից ռմբակոծված Ստեփանակերտի կենտրոնական շուկայից (տեսանյութ)
Հոկտեմբեր 31 18:52 2020

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտի կենտրոնական շուկայից՝ հայտնելով, որ այն ադրբեջանական ուժերի կողմից ռմբակոծվել է այսօր՝ հոկտեմբերի 31-ի առավոտյան:

 

«Այս ռմբակոծությունը հետևել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությանը, ըստ որի՝ կողմերը պարտավորվել են չթիրախավորել քաղաքացիական կառույցները, սակայն, ինչպես տեսնում եք, նրանք թիրախավորել են քաղաքացիական տարածքը, որը հեռու է որևէ ռազմական կառույցից: Հարձակման հետևանքով մի շարք խանութներ են վնասվել: Բացի այդ, Ադրբեջանը թիրախավորել է Շուշի, Մարտունիի, Մարտակերտի և այլ քաղաքների ու գյուղերի քաղաքացիական կառույցները»,- շեշտել է Արցախի ՄԻՊ-ը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է ավելի քան 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120-ից ավելի քաղաքացիական անձ։

 

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։