«Մարդիկ ցանկանում են, որ աշխարհը լսի խաղաղության իրենց կոչը»․ Արցախ այցելած ամերիկացի ֆոտոլրագրողը վավերագրում է տեղացիների կյանքը (տեսանյութ)


«Մարդիկ ցանկանում են, որ աշխարհը լսի խաղաղության իրենց կոչը»․ Արցախ այցելած ամերիկացի ֆոտոլրագրողը վավերագրում է տեղացիների կյանքը (տեսանյութ)
Հոկտեմբեր 26 12:04 2020

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքի բնակիչ, ֆոտոլրագրող Ռայան Թելալիանը, որն այս օրերին գտնվում է Արցախի Հանրապետությունում, վավերագրում է Արցախի դեմ Ադրբեջանի հրահրած պատերազմի ընթացքը, ստորգետնյա թաքստոցներում ապաստանած ընտանիքների կյանքը։

KSEE24 հեռուստաալիքի հետ զրույցում ֆոտոլրագրողը պատմել է, որ պատերազմի բռկումից ի վեր շատ մարդիկ՝ մասնավորապես կանայք և երեխաները, տեղահանվել են։

«Շատ մարդիկ հեռացել են։ Նրանք մեկնել են Հայաստան, հատկապես կանայք և երեխաները: Տղամարդիկ գտնվում են առաջնագծում կամ ծառայության մեջ են»,- հայտնել է նա։

Թելալիանը նշել է, որ Ստեփանակերտում ամենուր ավերածություններ՝ այրված շենքեր ու ատոմեքենանր է տեսնում, սակայն կյանքը շարունակվում է։

«Նրանք հույսով են լցված։ Եվ փորձում են ուժերի ներածին չափով պինդ մնալ»,- հայտնել է ֆոտոլրագրողը։

Թելալիանը նաև ընդգծել է, որ մինչ Ադրբեջանը ռազմական աջակցություն է ստանում Թուրքիայից և այլ երկրներից, հայերը այս պատերազմը միայնակ են վարում, սակայն վճռական են պաշտպանել իրենց հողերը։

«Նրանք պարզապես ցանկանում են, որ իրենց ձայնը լսելի լինի։ Նրանք ցանկանում  են, որ մարդիկ լսեն խաղաղության իրենց կոչը», - ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 26-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 217 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6614 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 974 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։