«Սիրոյի դուխն ուրիշ էր. տղերքը եղբորս սիրուն Սիրո էին ասում». գյումրեցի հերոսի քույր


«Սիրոյի դուխն ուրիշ էր. տղերքը եղբորս սիրուն Սիրո էին ասում». գյումրեցի հերոսի քույր
Հոկտեմբեր 20 21:50 2020

Սիրեկան Գասպարյանը, կամ ինչպես ինքն էր սիրում, որ իրեն դիմեն՝ Սիրոն, պայմանագրային զինծառայող էր: Նրա քույրը՝ Նարինեն, պատմում է, որ պարտադիր զինվորական ծառայությունից հետո եղբայրը որոշել է անցնել պայմանագրային զինծառայության, ինչքան փորձել են հետ պահել այդ մտքից, չի ստացվել: Սիրոն սիրահարվել էր զենքին և զինվորականի մասնագիտությանը:

Սկզբում Գյումրիի զորամասերից մեկում է եղել պայմանագրային զինծառայող, հետո որոշել է մեկնել արտերկիր՝ գումար վաստակելու, որ սեփական տանիք ունենալու խնդիրը լուծի: Սիրեկան Գասպարյանի մայրը՝ տիկին Հասմիկը, պատմում է, որ չստացվեց արտերկիր մեկնել, որոշեց նորից զորամասում աշխատանքի անցնել: Մորը ասել էր, որ գնում է Քարվաճառ, մայրը դեմ է եղել: Հայաստանի զորամասերից մեկում է շարունակել ծառայությունը:

«Երկու շաբաթը լրացել էր, սահմանից տուն եկավ, մեզ ասաց՝ մեկ շաբաթից տանելու են ինժեներական աշխատանքների: Սիրոն երկուշաբթի օրվա համար պատրաստվում էր, բայց կիրակի (սեպտեմբերի 27-ին) արթնացանք տեսանք՝ արդեն կազմուպատրաստ կանգնած է, ասաց՝ վիճակը լարված է, պատերազմ է: Ամսի 27-ի առավոտ եղբորս տեղափոխեցին Կիրովականի զորամաս, սեպտեմբերի 28-ին զանգեց ասաց, որ մեզ արդեն սահման են ուղարկում: Սկզբում ասաց, որ Քարվաճառ-Աղդամ է. մեզ համոզում էր, որ այնտեղ հանգիստ է, անհանգստանալու կարիք չկա, որ ուղղակի դիրքերն են ամրացնում: Մորիցս թաքուն ենք պահել, որ Սիրոն առաջնագծում էր, երբ խոսում էի հետը, ասում էր՝ մաման չգիտի, չէ՞, մամային հանկարծ չասեք: Չորս օր չէր զանգել, խելագարված ման էինք գալիս, հետո մեր բարեկամը զանգեց, ասաց՝ եղբորս առաջին օրերին տեսել է, նորմալ է ամեն ինչ: Իմացանք, որ Ջաբրայիլ է եղել, բայց մինչև Ջաբրայիլ տեղափոխվելը Մատաղիսում է եղել, հետո նորից Մատաղիս են տեղափոխել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Սիրեկանի քույրը՝ Նարինեն:

 

«Հոկտեմբերի 10-ին զանգեց, ուրախ էր. ասաց՝ հնարավոր է պերեսմենկա լինի, գամ տուն: Ես ասացի, տեսաք՝ հրադադարը չպահեցին, ասաց՝ Նան ջան, հրադադարը միայն հրետանուն է վերաբերում, ես էլ ասացի՝ հա, գոնե հրետանուն չկրակեն. դա ահավոր է, տոնից հասկացա, որ ուզում էր ասել՝ դու ի՞նչ գիտես… կատակով, ինձ ձեռք առնելով ասաց՝ հա, ահավոր է, ահավոր:

Սիրոն 14 օր կռվել է Արցախում, 15-րդ օրը զոհվել. գիշերը ծանր ու թեժ մարտեր են եղել, ու ամբողջ գիշերը կռվել են: Հոկտեմբերի  13-ի առավոտյան թեժ մարտեր  են եղել , եղբայրս խրամատում է եղել, արկը ընկել է խրամատի վրա  չի  կարողացել դուրս գալ խրամատից:

 

Ծառայակից ընկերները մորաքրոջս տղային ասել են՝ Սիրոյի դուխն ուրիշ էր, ինքը բոլորին ասել է՝ տղե՛րք, չմտածե՛ք, բոլորս տուն ենք գնալու, դուխով առաջ… բայց իրանք եկան, եղբայրս չեկավ»:

Հերոսի քույրը շարունակում է. «Դիրքերում տղերքը եղբորս սիրուն Սիրո  էին ասում, եղբայրս սիրուն էր…»:

Նարինեն պատմում է, որ Սիրեկանը ընկերուհի ուներ, 3-4 տարի ընկերություն էին անում, ամեն ինչ լուրջ էր. նոյեմբերին որոշել էին նշանվել:

«Ինչքան էլ ասեն՝ Սիրոն մահացել է, ինձ համար Սիրոն կա, և եթե ես չսպասեմ, ուրեմն կդավաճանեմ նրան, որովհետև ինքը ուրիշ տեսակ է:

Մենք շատ սիրով քույր ու եղբայր ենք եղել, մենք իրար երբեք չենք ասել՝ գիտես ինչքան եմ քեզ սիրում. մեր սերը ուրիշ ձևի է եղել, մենք իրար մասին խոսելիս աչքերի փայլով ենք հասկացել, թե ով ենք մենք իրար համար»,- ասում է քույրը:

Տիկին Հասմիկը՝ գյումրեցի հերոսի մայրը, նշում է՝ Սիրոն շատ նպատակներ ուներ. ուզում էր զինվորական կրթություն ստանալ, առաջ գնալ:

Ուժեղ, թասիբով, անկեղծ, համառ ու համարձակ. այս հատկանիշներով են հարազատները բնութագրում պատերազմում ընկած հերոսին:

«Չեմ զգում՝ այս պահին ինչ է նշանակում հերոսի քույր լինել, ցավը ոչինչ չի թողնում, որ զգամ: Ես պատրաստ չէի այս ամեն ինչին, գիտենալով հանդերձ եղբայրս որտեղ է, բայց ես համոզված էի, որ նրան ոչինչ չի լինի: Երբ ցավը թուլանա, ինչ զգում են հերոսների քույրերը, ես էլ կզգամ, այդ հպարտությունն ու պարտավորությունը:

Այս պահին ես անգամ պատրաստ չեմ համակերպվելու այն մտքի հետ, որ եղբայրս չկա. ես մտածում եմ, որ նա ուրիշ տեղ է ապրում, հա ինչ, թող ինձ խաբելով ապրեմ, բայց հավատամ, որ ինքը կգա»,- եզրափակեց  Նարինեն: