Երևի տիեզերքն ինձ նախանձեց, Ալենը տիեզերքից խորն էր ու լուսավոր, նախանձեց ու տարավ ինձնից. զոհված զինծառայող Ալեն Մարգարյանի մայրը՝ որդու մասին (տեսանյութ)


Երևի տիեզերքն ինձ նախանձեց, Ալենը տիեզերքից խորն էր ու լուսավոր, նախանձեց ու տարավ ինձնից. զոհված զինծառայող Ալեն Մարգարյանի մայրը՝ որդու մասին (տեսանյութ)
Հոկտեմբեր 20 21:32 2020

1999 թվականին ծնված Ալեն Մարգարյանը Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիային դիմակայելու ընթացքում զոհված զինծառայողներից մեկն է։ Հետաքրքրասեր տղան տիրապետում էր 4 լեզվի ու հասցրել էր լինել աշխարհի 21 երկրի տասնյակ քաղաքներում․ Փարիզից մինչև Վենետիկ, Ստոկհոլմ, Կահիրե, Նյու-Յորք, Ալենը մոտիկից ծանոթացել էր իր գրքերում կարդացած համաշխարհային պատմությանը:

 

Մարգարյան Ալենն ընդունվել էր Բոստոնի համալսարան, բայց նախընտրել մինչ ուսման մեկնելը զինվորական պարտքը կատարել հայրենիքի առաջ: Ինչպես նշում են հարազատները՝ բուժզննում անցնելիս թաքցրել էր առողջական խնդիրներն ու մեկուկես ամիս առաջ զորակոչվել բանակ:

Սեպտեմբերի 30-ին նորակոչիկներին տեղեկացրել են, որ դիրքերում գտնվող զինվորներին հարկավոր է զենք և սնունդ հասցնել: Ալենն առաջիններից է եղել, ով շտապել է օգնության, բայց թշնամու անօդաչուի հարվածի հետևանքով զոհվել։

 

Ընկերներն ասում են՝ մարդ-նվագախումբ խոսքը Ալեն Մարգարյանի մասին էր․ երգում էր, նվագում, պրոֆեսիոնալ պարով զբաղվում, հեքիաթներ գրում, իսկ մասնագիտությամբ ռեժիսոր էր՝ ԵՊՄՀ-ում ստացել էր բակալավրի աստիճան:

Նա դասավանդում էր նաև Թումոյում ու նպատակ էր դրել կրթության նախարար դառնալ, որ փոխեր իրեն դուր չեկած կրթական մեթոդները: Մայրը պնդում է. «Երևի տիեզերքն ինձ նախանձեց, Ալենը տիեզերքից խորն էր ու լուսավոր, նախանձեց ու տարավ ինձնից»: