Նիդերլանդահայերը Ադրբեջանի սանձազերծած պատերազմի դեմ բողոքի երթերն ու ցույցերը կիրակի ընդմիջեցին` կազմակերպելով առցանց դրամահավաք`ուղիղ եթերով: Մինչև եթերը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի կամավորները տեղի հայ գործարարներից հեռախոսազանգերով արդեն հավաքել էին 73,560 եվրո գումար։ Մարաֆոնի ժամերին նախատեսված էր այն կրկնապատկել`հասցնելով 150,000-ի սահմանը, բայց երեք ժամ տևողությամբ օնլայն հաղորդման ընթացքում հավաքվեց 250 հազար եվրո: Այսօրվա հրամայականը դա է պահանջում:
Բավական կարճ ժամանակ գործող «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղը օրերս հայտարարեց մեկ միլիոն եվրոյից ավելի գումար հավաքելու մասին: Դրամահավաքին մասնակցել էին Նիդերլանդների հայկական տարբեր համայնքների, եկեղեցական, դպրոցական ու այլ կառույցների անդամներ ու անհատներ: Դրան նախորդել էր դեսպան Տիգրան Բալայանի ուղիղ եթերով նիդերլանդահայերին արված ուղերձը:
Բարեգործական հիմնադրամի և «Նիդերլանդական օրագրի» էջերով հեռարձակվող երեկոն վարող Մարգարիտա Վարդանյանը Արցախի պատմությունն ու հայկական ծագումը ներկայացնելուց առաջ այսպես ասաց. «Ողջույն, իմ անունը Արցախն է և ես հակամարտություն չեմ ուզում…»: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի նախագահ Հարություն Սիմոնյանը ներկայացրեց Հայաստանում և Արցախում տիրող բարդ իրադրությունը, կարևորեց այսօրվա նիդերլանդահայ կառույցների համախմբումը, նիդերլանդահայերի մասնակցությունը դրամահավաքին, շնորհակալություն հայտնեց ու խաղաղություն մաղթեց բոլորին:
Դեսպանատնից առցանց ելույթ ունեցավ Նիդերլանդներում Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Նա խոսեց Ադրբեջանի բռնատիրական ռեժիմի ու սանձարձակ Թուրքիայի, նրան հարող տեռորիստական խմբերի Արցախի դեմ սանձազերծած պատերազմի մասին, կոչ արեց նիդերլանդահայերին համախմբվել, դժվարին պահին մոտ կանգնել հայրենիքին: Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցու հովիվ Տարոն Թադևոսյանը հարգանքի տուրք մատուցեց ընկած քաջերին, աղոթեց հայ զինվորի համար, կարևորեց յուրաքանչյուրի տեղն ու դերը ` որպես սեփական դաշտում մարտնչող մարտիկի:
Մաստրիխտի «Անի» հայ համայնքի «Սուրբ Կարապետ» եկեղեցու վարչության անդամ Վազգեն Սարգիսը նշեց, որ այսօրվա մեր նպատակը մեկն է` կանգնենք մեր երկրի ու սահմանները պահող զինվորի կողքին ու որպես հայի ինքնությունը ստանձնած անհատ պետք է հավատարիմ գտնվենք, օգտակար լինենք մեր բոլոր հնարավորություններով: Ինգե Դրոստը` հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի քարտուղարը, կոչ արեց սփյուռք, Արցախ, Հայաստան կապն ամրապնդելու համար սերտ համագործակցել միմյանց հետ, անհատներին կոչ արեց անդամագրվել որևէ կազմակերպության: Այդպես պայքարելն ավելի հեշտ կլինի ընդհանուր հաջողության հասնելու համար: Նույն կազմակերպության նախագահ, Աբովյան մշակութային միության նախագահ Մաթո Հախվերդյանը համառոտ իր խոսքում ներկայացրեց կառույցների համակարգված աշխատանքը, օտարներին հայկական արվեստն ու մշակույթը ամբողջական ներկայացնելու դերը:
Երեկույթն ուղեկցվում էր հայկական երգերով, պարերով ու երաժշտությամբ: Ցուցադրվեցին կադրեր Արցախից, Հայաստանից: Հիմնադրամի Նիդերլանդական կառույցի նախագահ Հ.Սիմոնյանն ասաց, որ չբավարարվենք ու շարունակենք կաթիլ առ կաթիլ սնուցել մեր հողը, մեր ներուժով հաղթելու և կերտելու ենք մեր վաղվա խաղաղ օրը: