Արցախում շարունակվում է ռումբերի և հրթիռների որոնման ու դրանց ոչնչացման աշխատանքները։
Այս մասին հաղորդում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը, որը նաեւ տեսանյութ է հրապարակել։
«Այս պահին հաստատվել է 32 քաղաքացիական անձի մահվան դեպք և ավելի քան 100 վիրավոր»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հակառակորդն ունի ավելի քան 5839 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 604 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 32 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։