Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիմաց հոկտեմբերի 14-ին, ժամը 17-ին յուրօրինակ միջոցառում է մեկնարկում ՝ «Միացեք` մի երգ, մի զարկ դառնանք» կոչով։ Միջոցառմանը մասնակցում են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Նատալի Գալստյան), երգչախումբը (խմբավար՝ Գայանե Սահակյան) և Գյումրիից ժամանած երաժիշտներ:
Ներկաներին կբաժանվեն գրքույկներ՝ երգերի բառերով, որպեսզի բոլորը միահամուռ կերպով նույն գաղափարի մաս դառնան։
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում փոխանցեց կոնսերվատորիայի հանրային կապերի պատասխանատու Սոնա Խաչատրյանը, այս ինքնատիպ երաժշտական կոչն իրականանում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախաձեռնությամբ՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի աջակցությամբ։ Նրա խոսքով, մշակույթը երբեք չի լռել` անկախ ռազմական դրությունից. «Ամբողջ աշխարհում համաշխարհային պատմության համատեքստում հայտնի է, որ թիկունքը միշտ ապահով է եղել նաեւ մշակույթով, երաժշտությամբ ու արվեստով: Բազմաթիվ համերգներ են կայացել, ցուցահանդեսներ, մշակույթը «գնացել» է առաջնագիծ:
Համաշխարհային բազմաթիվ գլուխգործոցներ, այդ թվում՝ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը գրվել է Հայրենական պատերազմի ժամանակ, բազմաթիվ ռազմերգեր են գրվել հենց ռազմի դաշտում, որոնք միշտ գոտեպնդել են հայ զինվորներին: Նրանք սխրանքներ են գործել այդ երգերից ոգեշնչված: Դրա համար մշակույթը միշտ եղել է թիկունքում եւ ռազմաճակատում: Զինվորները դիմակայել են բազմաթիվ դժվարությունների ու զրկանքների այդ ռազմերգերով։ Հենց այդպիսի ռազմերգեր կհնչեն նաեւ այս միջոցառմանը՝ գոտեպնդելով զինվորի թիկունքում կանգնած մարդկանց»:
Սոնա Խաչատրյանը հիշեցրեց, որ հոկտեմբերի 7-ին էլ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան կազմակերպել էր նաև առցանց համերգ-դրամահավաք՝ բուհի լավագույն ուսանողների մասնակցությամբ։
Պարզեցինք, որ կոնսերվատորիայից կամավորներ են մեկնել առաջնագիծ: «Նրանց թվում է նաեւ մեր ուսխորհրդի նախագահ Արթուր Խաչենցը (լուսանկարում) , որի կատարմամբ «Գինի լիցը»-ը այժմ ակտիվ պտտվում է սոցցանցերում»,-ասաց մեր զրուցակիցը:
Սոնա Խաչատրյանը նաեւ հավելեց. «Նատալի Գալստյանն այս նախաձեռնության հեղինակն է, նրա որդին այս պահին առաջնագծում է: Երբ պատերազմը սկսվեց, առաջին օրը նա չգիտեր` ինչ աներ, իսկ երկրորդ օրը ձեռքն առավ դիրիժորական փայտիկը եւ որոշեց կազմակերպել այս համերգը` ցույց տալու համար, որ թիկունքն ուժեղ է»: