Արցախյան պատերազմում նահատակված գյումրեցի ոստիկաններից մեկը՝ Սամվել Քոչինյանը երեք անչափահաս երեխաներ ունի՝ երկու որդի, մեկ դուստր, որդիներից մեկը 9 ամսական է։ 9 օր հետո կլրանար նրա 40 ամյակը։ Նա տան միակ կերակրողն էր, այս մասին Aravot.am-ին ասաց նրա ընկերներից մեկը՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը։ Նա աշխատում էր ոստիկանության «Կումայր»-ի բաժնում ու ծառայություն իրականացնում Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակում։ «Ես իրեն 10 տարուց ավել ճանաչում եմ, շատ գրագետ էր, կարդացած ու չափից ավել մարդամոտ էր, դաստիարակված։ Նա յուրահատուկ անձ էր, քաղաքացիների հետ շփվում էր յուրովի, գիտեր՝ ում հետ ինչպես շփվել։
Յուրահատուկ ռուսերեն գիտեր, գյումրեցի ոստիկաններից քչերը կարող են հպարտանալ, որ իրենք այդքան վարժ ռուսերենի են տիրապետում։ Թեև մասնակցել եմ նրա հուղարկավորությանը, բայց միևնույնն է, չեմ հավատում, որ նա չկա»,- ասաց Գագիկ Համբարյանը։