Արցախում զոհված Նարեկն ուզում էր մշտական բնակություն հաստատել Հայաստանում, ինքն իր տունն էր նախագծել


Արցախում զոհված Նարեկն ուզում էր մշտական բնակություն հաստատել Հայաստանում, ինքն իր տունն էր նախագծել
Հոկտեմբեր 12 16:27 2020

168.am-ը գրում է․

«19-ամյա Նարեկը ծնողների և մեծ եղբոր հետ ապրում էր Ռուսաստանում, վերջին 1 տարին էր Հայաստան տեղափոխվել»,- Արցախում զոհված Նարեկ Վոլոդյայի Հարությունյանի մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Սարիբեկյանը:

Նրա խոսքով՝ Նարեկը Հայաստան էր ժամանել հատուկ պարտադիր զինվորական ծառայության մեկնելու համար:

 

«Դավիթը շատ բարի, սրտացավ, գթասիրտ տղա էր: Իրենք բնիկ փարաքարցի են, բայց ապրում են Ռուսաստանում, Նարեկն այնտեղ է մեծացել: Այստեղ ապրում էր տատիկ-պապիկի հետ, 1 տարի է, որ Հայաստանում էր, բայց մոտ 3 ամիս առաջ էր զորակոչվել բանակ: Ընտանիքն այնտեղ էր՝ Ռուսաստանում, լուրն իմանալով՝ եկել են»,- ասաց Գոռ Սարիբեկյանը:

Նարեկի հարազատներից Արամ Պետրոսյանն էլ 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Արամը մինչև 3-րդ դասարան է Հայաստանում դպրոց հաճախել, 2010 թվականից ապրում էր Մոսկվայում, այնտեղ է դպրոցն ավարտել, բացի այդմ շատ է սիրել սպորտը, ձյուդոյով էր զբաղվում:

«1 տարի առաջ վերադարձել էր Հայաստան, որպեսզի մեկնի ծառայության, բայց հետաձգվեց 6 ամսով, երկրորդ անգամ վերադարձավ, որ գնա, ու այս տարվա հուլիսին զորակոչվեց բանակ: Շատ էր սիրում սպորտով զբաղվել, հատկապես՝ ձյուդոյով: Մոսկվա քաղաքում անցկացված մրցումներում 1-ին տեղ է գրավել, տասնյակ մեդալներ ունի սպորտի բնագավառում»,- պատմեց նա:

Արամ Պետրոսյանը նաև տեղեկացրեց, որ Նարեկը պլաններ էր մշակել, որոնք պետք է զորացրվելուց հետո իրականացներ, դրանցից գլխավորը Հայաստանում իր սեփական տունը կառուցելն էր.

«Ուզում էր մշտական բնակություն հաստատեր Հայաստանում, պետք է տուն սարքեր, ջերմոցային տնտեսություն հիմներ, ինքն իր տունն էր նախագծել, գծագիր էր արել, նման պլաններ էր կազմել: Հողագործություն էր սիրում՝ այգի, ջերմոցային տնտեսություն: Իր քեռին էլ է ծաղիկներ աճեցնում ջերմոցում, ոնց որ ինքն էլ է այդպիսի նախասիրություն ունեցել»:

Նարեկը վերջին անգամ քեռու հետ է խոսել՝ մինչև պատերազմը սկսվելը.

«Պատերազմը սկսվելուց 1 օր առաջ՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 22:00-23:00-ի սահմաններում  քեռու հետ է խոսել, ասել է ՝ ամեն ինչ լավ է, ես լավ եմ»:

Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Նարեկ Հարությունյանին վերջին հրաժեշտն են տվել: