Կրեմլը չափազանց կարևոր է համարում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարումը, ինչն ապագայում կարող է հող նախապատրաստել մարտական գործողությունների լիակատար դադարեցման և հակամարտության կարգավորման քաղաքական-դիվանագիտական միջոցներին անցնելու համար, գրում է tass.ru-ն։
«Մենք բարձր ենք գնահատում մարդասիրական դադարի մասին որոշումը, որը ձեռք է բերվել ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների շփումների արդյունքում»,- այսօր լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա ընդգծել է, որ այժմ Մոսկվան «շատ ուշադիր հետևում է իրադրությանը, Կրեմլում երկու կողմերից հաղորդագրություններ են տեսնում հրադադարի խախտումների մասին»:
«Մենք կարծում ենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը չափազանց կարևոր է ապագայում մարտական գործողությունների լիակատար դադարեցման և հակամարտության կարգավորման քաղաքական-դիվանագիտական միջոցներին անցնելու համար»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 12-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 168 անօդաչու թռչող սարք, 514 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4919 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 429 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։