Մեր գործընկեր, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող, «Երկիրը՝ երկիր է» հաղորդաշարի հեղինակ Վարդան Օնանյանը բեկորային վնասվածքներ է ստացել Արցախում: «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը Aravot.am-ին պատմեց, որ Վարդանը վիրավորվել է ՀՅԴ «Կամավորական շարժում» ջոկատների կազմում Արցախի Հանրապետության սահմանների հյուսիսային ուղղությամբ Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը հետ վերցնելու ժամանակ:
«Վիրավորումները բեկորային են՝ մեկ ոտնաթաթի, մյուս ոտքի սրունքային հատվածի բազմակի կոտրվածքներ, որոնք Արցախում բժիշկները հավաքել են: Մեկ բեկորային վնասվածք էլ ստացել է երիկամից ներքեւ, որը պիտի հեռացվի Երեւանում՝ ուր Վարդանն արդեն տեղափոխվել է»,-ասաց Գեղամ Մանուկյանը: