168.am-ը գրում է․
«Սլավիկը սպա էր, 40 տարեկան, դեռ մանկուց դաստիարակվել էր՝ որպես զինվորական, որպես սպա»,- Արցախում զոհված Սլավիկ Նիկոլայի Ավետիսյանին այսպես նկարագրեց նրա համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Սարիբեկյանը:
Նրա խոսքով՝ Սլավիկի հայրը և եղբայրը ևս զինվորականներ են:
«Իրենք 2 եղբայր են, 1 քույր: Հայրը, կարծեմ՝ պահեստազորի սպա է, իսկ եղբայրն այս պահին ճակատում է, կռվում է: Սլավիկն ամուսնացած էր, ունի 2 աղջիկ, շուտով երրորդ երեխան կծնվի»,- ասաց նա:
Գոռ Սարիբեկյանը նաև պատմեց, որ Սլավիկը չնայած վիրավորված հոսպիտալում էր, այդուամենայնիվ գնացել և մինչև վերջ կռվել է՝ պաշտպանելով իր զինվորներին, հայրենիքը:
«Կռվի ժամանակ վիրավորվել էր, հոսպիտալից «փախել» է, ասել է՝ իմ զինվորները չպետք է մենակ մնան, առանց ինձ: Գնացել է զինվորների մոտ: Հետո տեսնելով իրենց ուղղությամբ եկող կրակը, զինվորներին ասել է՝ պպզեք, ու ինքը սկսել է կրակ բացել, որ թշնամուն լռեցնի, ու այդ ընթացքում մահացու հարված է ստացել, կյանքի գնով փրկել է զինվորներին. հրամանատարի, զինվորականի հոգեբանություն»,- ասաց համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Սարիբեկյանը:
Սլավիկ Ավետիսյանին հուղարկավորել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, մեզ հետ զրույցում ասաց համայնքի ղեկավարի տեղակալը: