Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 24 միլիոնը


Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 24 միլիոնը
Օգոստոս 26 14:09 2020

Աշխարհում նոր տեսակի «Քովիդ-19» կորոնավիրուսով վարակվել է 24 095 660 մարդ: Այս մասին վկայում են worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալները:

Վարակման ցուցանիշով առաջատար երկրների եռյակն անփոփոխ է վերջին ամիսներին: Այն կազմում են ԱՄՆ-ն, որտեղ վարակվածների թիվը մոտենում է 6 մլն-ին, Բրազիլիան, որտեղ ավելի քան 3,6 մլն վարակման դեպք է արձանագրվել, և Հնդկաստանը, որտեղ վարակվել է ավելի քան 3,2 մլն քաղաքացի:

Վարակման մեծ թվով դեպքեր են գրանցվել նաև Ռուսաստանում (970 865), Հարավային Աֆրիկայում (613 017), Պերուում (607 382), Մեքսիկայում (568 621), Կոլումբիայում (562 128):

Կորոնավիրուսից մահացության ցուցանիշով երկու առաջատար երկրները դարձյալ ԱՄՆ-ն և Բրազիլիան են: Նրանց հաջորդում են Մեքսիկան, Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան, Իսպանիան, Պերուն:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Ներկա պահին ամբողջ աշխարհում մի շարք պատվաստանյութեր են մշակվում կորոնավիրուսի դեմ, այդ թվում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Չինաստանում: Ռուսաստանն օգոստոսի 11-ին գրանցել է աշխարհում առաջին պատվաստանյութը, որը շրջանառության մեջ կդրվի աշնանը: