«Ունենք բազմաթիվ ազատ հիվանդանոցային մահճակալներ». Արսեն Թորոսյան


«Ունենք բազմաթիվ ազատ հիվանդանոցային մահճակալներ». Արսեն Թորոսյան
Հուլիս 29 19:12 2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր՝ պարետատան նիստի ավարտից հետո ընթացող ճեպազրույցի ժամանակ, հայտնեց, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում գնալով կայունանում է:

«Վաղուց հոսպիտալիզացիայի խնդիր չունենք, ընդհակառակը՝ մենք հիմա ունենք բազմաթիվ ազատ հիվանդանոցային մահճակալներ՝ թե՛ սովորական թթվածնային հագեցվածությամբ և թե՛ վերակենդանացման մահճակալներ»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Նախարարը հայտնեց, որ, ամենայն հավանականությամբ, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Վեդու ԲԿ-ն և Դիլիջանի ԲԿ-ն օգոստոսի մեկից կվերադառնան իրենց հիմնական աշխատանքին: Եվս երեք բժշկական կենտրոն մայրաքաղաքում մոտակա 7-10 օրերի ընթացքում, իրավիճակի նույն տեմպի պահպանման դեպքում, նույնպես կվերադառնան իրենց հիմնական աշխատանքին: