Ընդհանուր առմամբ, գազի սակագնի բարձրացումը նշանակում է, որ ձմռանը եւ ամռանը ջերմոցային արտադրանքի գների տարբերությունն էլ ավելի կկրճատվի: Այս մասին հուլիսի 20-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Ջերմոցային միաություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Պողոս Գեւորգյանը:
Ըստ նրա՝ եթե այժմ ձմռան եւ ամռան միջեւ գների տարբերությունը տարբերվում է, ապա ապագայում դրանք հավասարեցվելու են բարձրացման կողմ: «Ֆերմերները ստիպված կլինեն բարձրացնել գները ամռանը՝ ձմռանը ծախսերի ճեղքերը փոխհատուցելու համար: Ապրանքի գների բարձրացումը, իր հերթին, կհանգեցնի վաճառքի մակարդակի նվազմանը, քանի որ պահանջարկի պատճառով անհնար է դրանք անվերջ բարձրացնել: Արտադրանքի գների նույնիսկ փոքր բարձրացումը կհանգեցնի տնտեսվարող սուբյեկտի շահութաբերության էական նվազմանը, քանի որ դա կանդրադաենա վաճառքի ծավալների վրա»,- ասաց նա:
Գեւորգյանը պարզաբանեց, որ ջերմոցային տնտեսությունների համար գազի սակագների բարձրացման ազդեցությունը կախված է ձմռան եղանակային պայմաններից. որքան ձմեռն ավելի ցուրտ է, այնքան ավելի շատ գազ է սպառվում, ինչը, բնականաբար, կանդրադառնա ապրանքների գնի վրա: «Գազի սակագնի մասնաբաժինն արտադրության արժեքի մեջ 50-70 տոկոս է կազմում, եւ այսօր, փաստորեն, մենք կրկին վերադառնում ենք այն նույն պայմաններին, երբ ջերմոցների համար գազի գներն իջեցվել էին 10 տոկոսով: Խնդիրները կապված են նաեւ նրա հետ, որ տեխնոլոգիական հետամնացությունը, նույն զարգացած երկրների համեմատ, որտեղ ջերմոցային արտադրանքի արտադրությունն ապահովվում է ամբողջ տարվա ընթացքում, մեզ թույլ չի տալիս վստահորեն ասել, որ հայ ֆերմերները կարող են կլոր տարի բերքի հույս ունենալ», - հավելեց ՀԿ-ի ղեկավարը:
Ինչ վերաբերում է այս տարվա ամռանը եւ աշնանը ջերմոցային արտադրանքի գներին, ապա դրանք, ըստ Գեւորգյանի կանխատեսումների, չեն ընկնի, քանի որ գյուղացիները ստիպված են պահել դրանք՝ ձմեռվա ծախսերը փոխհատուցելու համար: «Այժմ ջերմոցները, օրինակ, լոլիկը վաճառում են 200-250 դրամով, իսկ շուկայում այն, կախված որակից, վաճառվում է 300-400 դրամով»,- եզրափակեց Պողոս Գեւորգյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ից ջերմոցային տնտեսությունների, պահածոների, խմիչքների եւ կաթնամթերքի արտադրողների համար գազի սակագինը բարձրացվել է 212 դոլարից 224 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց։