Կորոնավիրուսը հաստատվել է եւս 10 վրացի զինվորականի մոտ, որոնք մասնակցել են Աֆղանստանում «Վճռական աջակցություն» խաղաղապահ առաքելությանը, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը:
Աֆղանստանում կորոնավիրուս է հայտնաբերվել ընդհանուր 38 վրացի խաղաղապահի մոտ: ՆԱՏՕ-ի հրամանատարության որոշմամբ՝ հայրենիք նրանց վերադարձը կատարվել է երկու փուլով:
Հուլիսի 10-ին Վրաստան են տեղափոխվել 28 զինվորականներ, իսկ այսօր՝ 10: Երկու դեպքում էլ հատուկ չվերթները կատարվել են Գերմանիայի ՌՕՈՒ օդանավերով:
Մեկ շաբաթ առաջ Վրաստան վերադարձած 28 զինվորականներից 8-ն արդեն ապաքինվել է եւ բուժհաստատությունից դուրս գրվել: Այսպիսով՝ ներկայումս Գորիի զինվորական հոսպիտալում են մնում Աֆղանստանից տեղափոխված 30 զինվորներ:
«Նրանց վիճակը բավարար է: Հիվանդությունն ընթանում է առանց բարդությունների եւ գանգատների»,- հայտնել են Վրաստանի պաշտպանության նախարարությունից:
Նշվում է, որ վրացի բոլոր խաղաղապահների վարակման աղբյուրը «կապված է տեղացի անձնակազմի հետ»:
«Այս պահին համապատասխան հետազոտությունները COVID-19-ը չեն հաստատել Աֆղանստանում գտնվող մյուս զինծառայողների մետ»,- հավելել են գերատեսչությունից:
Պաշտպանության նախարարությունից նշում են, որ համաճարակաբանական բոլոր միջոցառումներն իրականացվում են «ՆԱՏՕ-ի կողմից սահմանված կանոններին համապատասխան»: Վարակված խաղաղապահներն ակնկալում են վերադառնալ հայրենիք հատուկ գոտիներում. նրանք մեկուսացված են եւ չեն շփվում զինծառայողների հետ:
«Աֆղանստանում մնացած վրացական կոնտինգենտի մի մասը մի քանի շաբաթ անց կվերադառնա Վրաստան՝ ռոտացիայի կանոնի համաձայն: Ըստ սահմանված կանոնների՝ վերադառնալուց հետո նրանք երկշաբաթյա կարանտին կանցնեն»,- հայտնել են պաշտպանական գերատեսչությունում։
Ըստ StopCov կառավարական կայքէջի՝ համավարակի ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով է վարակվել 1․010 մարդ։ COVID-19-ով եւս 41 քաղաքացի բուժման նպատակով տեղափոխվել է արտասահմանից: Առողջացել է 885 հիվանդ, 15 մարդ մահացել է:
Այս պահի դրությամբ կարանտինում շարունակում է մնալ 5․640 մարդ, հիվանդանոցներում՝ 244 մարդ։