Արցախի նախագահի հանձնարարությամբ՝ 65 մլն դրամ կհատկացվի Հադրութի շրջանի վարչակազմին՝ սոցիալական տարբեր խմբերի շինանյութ տրամադրելու նպատակով


Արցախի նախագահի հանձնարարությամբ՝ 65 մլն դրամ կհատկացվի Հադրութի շրջանի վարչակազմին՝ սոցիալական տարբեր խմբերի շինանյութ տրամադրելու նպատակով
Հունիս 30 21:07 2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 30-ին ընդունել է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանին: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։

Վերջինս հանդես է եկել շրջանում համավարակային կայուն իրավիճակի,  բերքահավաքի ընթացիկ աշխատանքների և հրատապ լուծում պահանջող սոցիալ-տնտեսական խնդիրների մասին համապարփակ զեկուցմամբ:

Հանդիպմանը քննարկվել են կապիտալ շինարարության տարբեր ծրագրեր: Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ՝ «Դիզակ շին» ընկերությանը լրացուցիչ 140 մլն ՀՀ դրամ կհատկացվի, որից 70 մլն-ը՝ ներհամայնքային ճանապարհների սալապատման,  40 մլն-ը՝ շրջանում բարեկարգման աշխատանքների իրականացման համար:   Եւս 65 մլն ՀՀ դրամ հատկացվելու է շրջանի վարչակազմին՝  պետական աջակցության ծրագրի շրջանակներում սոցիալական տարբեր խմբերի շինանյութ տրամադրելու նպատակով: Նախագահի խոսքով՝  այս տարի հերթացուցակում գտնվող շրջանի բազմազավակ ընտանիքների համար նախատեսված 12 առանձնատան փոխարեն կկառուցվի 18 առանձնատուն: Կուսումնասիրվի նաև Հադրութ քաղաքում նոր բազմաբնակարան շենքերի կառուցման հնարավորությունը:

Երկրի ղեկավարի նշել է, որ պետական միջոցներով շուտով կսկսվեն Տող-Տումի ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները, ինչպես նաև պետական ծրագրում կներառվի Թաղուտ համայնքում նոր դպրոցական շենքի կառուցումը:

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար ժիրայր Միրզոյանը: