Բժիշկները ոչ միանշանակ են գնահատում ԱԴ պայմաններում ԱՆ համակարգում կենտրոնացված կառավարման նախաձեռնությունը


Բժիշկները ոչ միանշանակ են գնահատում ԱԴ պայմաններում ԱՆ համակարգում կենտրոնացված կառավարման նախաձեռնությունը
Հունիս 27 00:15 2020

Առողջապահության նախարարության համակարգում կենտրոնացված կառավարման մասին օրենքը կարող է երկակի ազդեցություն ունենալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բժիշկ Արմինե Ալավերդյանը:

«Եթե խոսենք բուժկենտրոնների մասին, որոնք ներգրավված են կորոնավիրուսի դեմ պայքարում, ապա փոփոխությունը կարող է համակարգել աշխատանքը, ինչը թույլ կտա ավելի օպերատիվ որոշումներ կայացնել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է այլ բուժհաստատություններին, որոնք կապ չունեն կորոնավիրուսի դեմ պայքարի հետ, ապա այստեղ, նրա խոսքով, նման որոշումների ընդունման նպատակահարմարության հարց է առաջանում:

«Միասնական կենտրոնից կառավարումը կարող է որոշակի իմաստով բացասական ազդել ծառայությունների մատուցման տեսանկյունից»,-պարզաբանեց Ալավերդյանը:   

Իր հերթին, մանկաբույժ-ինֆեկցիոնիստ Հռիփսիմե Ապրեսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց. «Չէի ասի, թե այդ առումով դրական կարծիք ունեմ»:

«Արմենիկում» բուժկենտրոնի կլինիկական ծառայության ղեկավար Վիոլետա Սարգսյանն էլ նշեց, որ աջակցում է այդ նախաձեռնությանը: «Առաջին օրվանից մենք պատրաստակամություն ենք հայտնել օգնել վարակի դեմ պայքարում, ընդունել պացիենտներին, հետազոտություններ անցկացնել»,-ասաց նա:

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը արտակարգ դրության պայմաններում առողջապահության համակարգում կենտրոնացված կառավարման մասին օրինագծերի փաթեթ է մշակում:

Համաձայն սպասվող օրենսդրական փոփոխությունների՝ արտակարգ դրության ժամանակահատվածում կառավարությանը կտրվի լիազորորություն Հայաստանի Հանրապետության բոլոր բժշկական կենտրոնների կառավարումը փոխանցելու առողջապահության նախարարությանը՝ անկախ բուժահաստատությունների ենթակայության եւ սեփականության ձեւից։

Փոփոխության համաձայն՝ առողջապահության նախարարությունը կկարողանա ըստ անհրաժեշտության իրականացնել լիցենզավորված բոլոր բժշկական հաստատությունների կառավարումը, իրավունք կունենանա նշանակել ժամանակավոր տնօրեններ, որոնք ուղղակիորեն կենթարկվեն նախարարությանը եւ կկատարեն նախարարի ցուցումները, որպեզի ապահովվի արտակարգ դրության ժամանակ անհրաժեշտ բժշկական ծառայությունների ամբողջ ծավալով մատուցումը: