Հաստատ չենք կարող ասել՝ արդյո՞ք պատվաստանյութ կունենանք, թե՞ ոչ. ԱՀԿ ղեկավար


Հաստատ չենք կարող ասել՝ արդյո՞ք պատվաստանյութ կունենանք, թե՞ ոչ. ԱՀԿ ղեկավար
Հունիս 26 13:46 2020

Երաշխավորված չէ, որ գիտնականները կարող են մշակել COVID-19-ի դեմ արդյունավետ պատվաստանյութ։ BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը։

Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը ԵՄ խորհրդարանի առողջապահության հանձնաժողովին ասել է, որ նույնիսկ եթե պատվաստանյութ մշակվի, ապա այն, ամենայն հավանականությամբ, հասանելի չի լինի առնվազն մեկ տարի։

«Դժվար է հստակ ասել, որ մենք պատվաստանյութ կունենանք։ Մենք երբեք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ չենք ունեցել։ Եթե պատվաստանյութ հայտնաբերվի, հույս ունենանք, որ այն կհայտնաբերվի, ապա այն կլինի առաջինը»,- ասել է Գեբրեյեսուսը ԵՄ օրենսդիրներին։

Պատվաստանյութերը մարդու իմունային համակարգին օգնում են ճանաչել պաթոգենները և պայքարել դրանց դեմ։ Դրանք համարվում են COVID-19-ի նման հիվանդությունների տարածումը կանխելու ամենաարդյունավետ միջոցների մեկը:

Աշխարհում այժմ փորձարկվում է նոր տեսակի կորոնավիրուսի դեմ ավելի քան 100 հնարավոր պատվաստանյութ։