Հայաստանը տարածաշրջանում շարունակում է առաջատարը լինել ինչպես 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, այնպես էլ հիվանդությունից մահացության ցուցանիշներով:
Ինչպես վկայում են worldometers.info կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները, հունիսի 25-ի դրությամբ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 7589, մահացության ցուցանիշը՝ 134:
Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.
1. Հայաստան - 7589
2. Ռուսաստան – 4207
3. Իրան - 2562
4. Թուրքիա – 2290
5. Ադրբեջան – 1465
6. Վրաստան – 230
Ի դեպ, նշենք, որ Հայաստանը ներկա պահին այս ցուցանիշով շրջանցել է ԱՄՆ-ին, որն աշխարհում առաջատար երկիրն է ինչպես «Քովիդ-19»-ով վարակվածների, այնպես էլ մահացածների առումով: Հունիսի 25-ին 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակվածների ցուցանիշն ԱՄՆ-ի համար կազմում է 7493:
Ողջ աշխարհում 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին Հայաստանը 11-րդն է: Մեզ նախորդում են Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Մայոտը, Անդորան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը, Պերուն:
Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.
1. Հայաստան - 134
2. Իրան - 121
3. Թուրքիա – 60
4. Ռուսաստան – 59
5. Ադրբեջան – 18
6. Վրաստան – 4
Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 25-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 711, մահվան՝ 12 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 22 488 է, մահվան դեպքերինը՝ 528:
Մեկ օրում առողջացածների թիվը 538 է, ընդհանուր առողջացածներինը՝ 11 335, փաստացի բուժվողներինը՝ 10 625 (մեկ օրում ավելացել է 221-ով):