Կորանվիրուսով վարակվելու կասկածանքով ապրիլի սկզբին բուժօգնության դիմած 11 շաբաթական հղիություն ունեցող 33-ամյա Գայանեն մտահոգ է բուժհաստատությունների աշխատանքից եւ հիվանդի հանդեպ վերաբերմունքից: NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ իր մոտ շոկը սկսվեց այն պահից, երբ շտապօգնություն էր դիմել` ասելով, որ կորոնավիրուսի կասկածանք կա, սակայն շտապօգնության աշխատակիցներն առանց պաշտպանիչ հանդերձանքի էին եկել:
«Ողջ մարտը տնից դուրս չեմ եկել, դուրս չեմ եկել նաեւ ապրիլի սկզբին, մինչեւ 10 օր ջերմելուց հետո արնահոսությամբ, ընկերքի շերտազատմամբ ու COVID-ի կասկածով հայտնվեցի հիվանդանոցում, որտեղ բժիշկներն ինձ կոնկրետ իգնորի էին ենթարկում: 4 օրվա մեջ միայն անալիզի պատասխանից հետո բժիշկ տեսա, բուժքույրերն ու սանիտարներն էլ միջանցքում բարձրաձայն վիճում էին՝ ով է մտնելու «դրա մոտ»: Իսկ ես մեկուսարանում սուս լաց էի լինում դիմակի մեջ էդ չդադարող կռիվներից, վախից, հետո էլ՝ նվաստացումից, երբ բուժքույրը մտավ ու գոռաց վրես. «Երբ ես մտնում եմ պալատ, դեմքդ դեպի պատն ես անում ու չես թեքվում էնքան ժամանակ, քանի դեռ ես պալատում եմ»:
Պատկերացրեք՝ հղի ես, արյունում ես, իսկ քեզ հետ վարվում են վերջին հանցագործի պես, հանցագործի, մինչդեռ հանցավոր անփութությունները իրենք էին հեղինակում,
Երբ զանգեցի շտապ օգնություն, օպերատորին զգուշացրեցի. ամուսինս Ինֆեկցիոնում ծառայություն է անցկացնում, էսօր կասկած է առաջացել, թեստավորել են, դեռ պատասխան չկա, ու միայն դրա համար ես իմ ոտքով չեմ գնացել հիվանդանոց՝ պատասխանատվությունից ելնելով:
Զգուշացրեցի, հարցրեցի՝ կարո՞ղ են էդ պարագայում կանչ գրանցել: Քննարկումից հետո գրանցեցին, անգամ ասացին, որ կզգուշացնեն: Սակայն արդյունքում շտապ օգնության բրիգադը տեղյակ չէր, որ հավանական վարակակրի մոտ է գալիս»,- պատմեց նա:
Դրանից հետո Գայանեին հիվանդանոց հիվանդանոց են տեղափոխել, ու հիմնականում վատ վերաբերմունքի է արժանացել, չհաշված հատուկենտ դեպքերի:
«Իրենց անասուն մենեջմենթը, իրենց խիղճը, իրենց սրտացավությունը…
Նենց որ չէ, շնորհակալություն, ես Թորոսյանի գլխավորած ոլորտը մեջուդրսով վայելել եմ կովիդյան կյանքում՝ բոլոր դրսեւորումներով: Հանրապետականում 1-2 եզակի մարդիկ կային, ովքեր իսկապես լավ էին վերաբերվում, ու իրենց մինչեւ հոգուս խորքը շնորհակալ եմ, բայց էդ գոռգռալը, մուննաթը, միջանցքում կռիվ անելը, թե ով պիտի մտնի դրա մոտ: Էդ շատ ծանր էր»,- ավելացրեց նա:
Նշենք, որ ի վերջո Գայանեի թեստը բացասական է եղել եւ նա դուրս է գրվել: