Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի նախկին բասկետբոլիստ, Ազգային բասկետբոլային ասոցացիայի հինգակի չեմպիոն Կոբի Բրայանտի ողբերգական մահվանը:
«Մարզական աշխարհի համար տխուր պահ է: Դու ներշնչանքի աղբյուր, օրինակ և մշտական հաղթող ես եղել այնքան շատ մարզիկների համար: Մենք կկարոտենք քեզ, Կոբի»,-գրել է Մխիթարյանը:
Բրայանտի մասնավոր ուղղաթիռը նախքան Կալիֆոռնիա նահանգում կործանվելը քառորդ ժամ պտտվել է երկնքում: Ուղղաթիռն օդ է բարձրացել Կալիֆոռնիայի Օրինջ շրջանից և ուղևորվել դեպի Թաուզանդ-Օքս քաղաք: Ռադարի տվյալների համաձայն` ուղղաթիռը 15 րոպեի ընթացքում Գլենդեյլ քաղաքի վրա 10 պտույտ է կատարել, որից հետո ընկել է Լոս Անջելեսից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կալաբասաս սարի լանջին: Աղբյուրի տվյալների համաձայն` ուղղաթիռի ուղևորները բասկետբոլի մարզումների են մեկնելիս եղել: Մարզիկը «Լեյքերս» մարզադաշտ հասնելու համար բազմիցս է նման տրանսպորտային միջոց ընտրել:
Վթարի հետևանքով զոհվել է ևս 8 մարդ, որոնց թվում է նաև մարզիկի 13-ամյա դուստրը` Ջիաննա Մարիա-Օնորեն: Ողբերգության հնարավոր պատճառներից է վատ տեսանելիությունը, քանի որ այդ օրը Կալիֆոռնիայում մառախուղ է եղել:
«Կկարոտենք քեզ, Կոբի». Հենրիխ Մխիթարյանը գրառում է արել լեգենդար բասկետբոլիստի մահվան առնչությամբ

