Շոշափելով հավերժության ներկայությունը. նշվեց գրադարանավարի օրը

Շոշափելով հավերժության ներկայությունը. նշվեց գրադարանավարի օրը
Գիրք կարդալը ծով մտնելու նման է, պիտի գլուխդ պտտվի ծովի անսահմանությունից, պիտի հանկարծ քո մեջ շոշափես հավերժության ներկայությունը, պիտի հանձնվես տարերքին:/Վարդգես Պետրոսյան/
Հոկտեմբերի 7-ին ՀՀ-ում նշվում է գրադարանավարի օրը: Ավ.Իսահակյանի անվան գրադարանում տոնական տրամադրություն էր տիրում. ծաղիկներ, ժպիտներ, հավատարիմ ընթերցողներ ու գրքեր, որոնք լուսավորեցին ներկաների հոգիները, նրա մեջ արթնացրեցին լավագույն ձգտումները, սրեցին միտքն ու մեղմացրեցին սիրտը:
Տոնի առիթով գրադարանում կազմակերպվել էր գրական-երաժշտական ցերեկույթ: Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարան ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանն իր խոսքում կարևորեց գրադարանի նվիրյալների` գրադարանավարների աշխատանքը` վստահեցնելով, որ իրենց գրադարանում հավատարիմ են հիմք դրած ավանդույթներին. ավագները փորձով ու հմտություններով կիսվում են երիտասարդների հետ, վերջիններս էլ պատրաստակամ են յուրացնել նորն ու ավելի կատարելագործվել:
Ուրախալի է` Ավ.Իսահակյանի գրադարանում միայն տոն օրերի չէ, որ խոսվում է գրքի ու գրականության մասին: Այստեղ ողջ տարվա ընթացքում կազմակերպվում են գրական-երաժշտական երեկոներ, գրքի շնորհանդեսներ, հայրենասիրական ու տարաբնույթ միջոցառումներ, իսկ իսահակյանցիների օրը միշտ տարբեր, բայց և հագեցած է լինում, գրադարանը` լի ամենաուրիշ մոլորակ մտնել փորձող ու ծովի անսահմանությունից գլխապտույտ ունեցողներով. գրադարակներից մեկի մոտ կանգնած գիրք փնտրողներ, սեղանի շուրջ նստած կարդացող ուսանողներ, հեքիաթների աշխարհ ներթափանցող մանուկներ, սիրելի հեղինակի ստեղծագործություններով տարված տարեցներ, և ընթերցողների հարցերին ժպիտով ու համբերատար պատասխանող գրադարանավարներ, որոնց օրվա առաքելությունն ամփոփված է հենց այս հարցի մեջ. «Ինչո՞վ կարող ենք օգնել»:
Շնորհավոր տոնդ, գրադարանավար…Ու թող բոլոր ընթերցողները հանձնվեն տարերքին, շոշափեն հավերժության ներկայությունն ու շտապեն այնտեղ, որտեղ միշտ իրենց սպասում են…
Սյունե Մանուչարյան

""

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *