Քայլ, որ գրեթե ոչինչ չփոխեց ՀՀ հպարտ քաղաքացու կյանքում. հեղափոխության հետքերով. (լուսանկարներ)


Քայլ, որ  գրեթե ոչինչ չփոխեց ՀՀ հպարտ քաղաքացու կյանքում. հեղափոխության հետքերով. (լուսանկարներ)
Ապրիլ 19 16:20 2019

Ապրիլի 23-ին լրանում է Թավշյա հեղափոխության 1 տարին: Եթե մտովի ետ գնանք ու մի կողմ դնենք զգայական ֆոնը, ապա կհասկանանք, որ, իրականում, լուրջ փոփոխություններ չեն եղել ՀՀ հպարտ  քաղաքացիների կյանքում: Հեղափոխությունից  հետո ժպիտ  ու լավ տրամադրություն է առաջանում միայն, երբ  թերթում ենք այդ օրերին արված լուսանկարները, որտեղ, իսկապես, մարդիկ հույսով ու հավատով լցված պայքարում էին նախորդ իշխանություններից ազատվելու, իրենց վաղվա օրը բարեկեցիկ դարձնելու հույսով: Հա, ժպտալու էլի առիթներ կան, օրինակ՝ որոշ  մարզպետների ու նախարարների՝ իրենց գործից անտեղյակության ծայրահեղ աստիճանը,նորաթուխ պատգամավորների բոցաշունչ ելույթները, և վերջապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանի  ուղիղ եթերները, որոնց ժամանակ արված նրա արտահայտությունները դարձել են շատերի ամենօրյա ուղեկիցը. «Հանգիստ նստեք տեղներդ»«Կփռենք ասֆալտին»«Պատերին կտանք»,  «Մարդ ա վատացել»,դե «Դուխով»-ի մասին էլ չասենք,որն անգամ հայերեն բառ չէ, բայց դպրոցներում այդ բառով շարադրությունների շքերթ էր սկսվել:

Նկատենք, որ  Նիկոլ Փաշինյանի ղեկավարման առաջին իսկ օրվանից  երկրում սկսվեց նրա իսկ ձեռագրով բողոքի ցույցերի նոր ալիք: Դասադուլ, գործադուլ, հացադուլ, ճանապարհ փակել և այլն: Մարդիկ հույսով էին, թե իրենց խնդիրներն ու պահանջը լսելի կլինեն, և նոր Հայաստանում այլևս ոչ-ոչք չի անտեսի իրենց կարծիքը, սակայն դա ևս,  այդպես չեղավ: Բողոքի թեժ ակցիաները  րոպեական ցրվում էին Փաշինյանի մի ելույթով. «Եթե Փաշինյանն է ասում, ուրեմն այդպես է» մտքից չշեղվելով՝  ցույցերը ցրում էին կազմակերպիչները:

Արդյո՞ք վերջին շրջանում բողոքի  ամենատարբեր ցույցերն ու դրսևորումները չեն հուշում, որ խորքային բարեփոխումներ չեն եղել, և հասարակ քաղաքացու համար, իրականում, ոչ թե առաջընթաց, այլ հետընթաց է տեղի ունեցել: 

Ինչպե՞ս եղավ, որ աղքատությունն առաջ վատ կառավարման հետևանք էր բնորոշվում, իսկ հետո պարզվեց, որ աղքատությունը մարդկանց գլուխներում է: 

Ո՛չ, աղքատությունը մարդկանց  առօրյայում է: Բազմազավակ ընտանիքները մնացել են բաց երկնքի տակ, ու պետության կողմից որևէ աջակցություն չեն ստանում,առողջական լուրջ խնդիրներով, օրվա հացին կարոտ  մարդիկ դեռ շարունակում են մեծաթիվ լինել, մարդիկ գումար չունենալու պատճառով հիվանդանոց չեն հաճախում գանգատների դեպքում անգամ, ու շատ դեպքերում արդեն անգամ գումարով ուշ է լինեում փրկվելու համար, իսկ մեր նոր Հայաստանում ամեն ամիս պարգևատրվում են առանց այդ էլ բարձր վճարվող պաշտոնյաները, իսկ  Քաղաքացու օրը նշելու համար նախատեսված գումարը վերջնականապես ապացուցեց, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է՝ «աղքատությունը մարդկանց գլուխներում է»:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի առաջարկով՝ ապրիլի 18-ին կառավարության նիստում որոշվեց  «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների իրականացման նպատակով հատկացնել 124 միլիոն դրամ։

Հատուկ շեշտվում է, թե՝գումարը կտրամադրվի կառավարության պահուստային ֆոնդից, կարծես թե, դա մեր ժողովրդի ու մեր երկրի հետ կապ չունեցող գումար է,որ եթե չօգտագործեն, հօդս կցնդի:

Այս գումարով Հայաստանի բոլոր մարզերում և Երևան քաղաքում պետք է պատշաճ կերպով իրականացվեն «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումները։

Նշենք, որ մարտի 21-ին Կառավարության նիստում  հավանության արժանացավ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին որոշման նախագիծը: Նախագծով առաջարկվում է ապրիլի վերջին շաբաթ օրը  սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր: Կրթության նախարար Արայիկ Հարությունյանն էլ հայտարարեց, որ նոր տոնը Անկախության տոնից հետո «երկրորդ ամենահիշարժան օրն է մեր նորանկախ պետության պատմության ընթացքում: 

Կառավարությունը, հավանաբար,մոռացել է, որ  հեղափոխությունից հետո, ժողովրդի հույսերն արդարացնելու համար պետք է աշխատել և դրական արդյունք ցույց տալ, ոչ թե տոնացույցում օրեր ավելացնել: Դեռ հարց է՝ այդ օրը քաղաքացու համար տո՞ն, թե՞  ինչ է  լինելու ևս մեկ տարի անց:

Մինչ մայրաքաղաքում կտիրի բարձր տրամադրություն, շքեղ հրավառություն, այլ տոնախմբոթյուններ, այստեղ, այնտեղ և ամենուր,  բազմաթիվ ընտանիքներ ստիված կլինեն անասունների հետ համատեղ գիշերել գոմում, ինչ-որ մեկի ավտոտնակում, սոված,առանց հագուստի,հայրենիքի համար կյանքի գնով պայքարած մարդիկ կգիշերեն բաց երկնքի տակ և այլն:

Պարոնա՛յք հեղափոխականներ, գուցե հանգիստ նստեք տեղներդ, ու չմսխե՞ք երկրի բուջեն:Քա՛յլ արեք,կատարե՛ք ժողովրդին տված խոստումները: