Հունիսին տղայիս բանակ պիտի տանեն, բայց չեմ թողնելու գնա, դեռ ոչ-ոք չգիտի, թե ես ինչերի եմ ընդունակ: Այս մասին ArmDay.am-ի հետ զրույցում ասաց Նարինե Կարապետյանը, ով արդեն 10 տարի է անասունների հետ համատեղ ապրում է գոմում:
«Չեմ թողնելու տղաս բանակ գնա:Ես շատ բաների եմ ընդունակ: Ամեն հարցով դիմել եմ պատկան մարմիններին, ինձ ոչ ոք-չի օգնել, տուն չունեմ, գոմում, անմարդկային պայմաններում եմ ապրում: Հիմա ես ո՞ւմ համար տղա երեխա տամ գնա սահմանի բերան կանգնի, որ իրենք հանգիստ քնեն իրենց դղյակներում, ես էլ խալխի գոմո՞ւմ: Մենակ թողնես աթոռի ու ջեբի կռիվ անեն, մեր մասին ոչ-ոք չի մտածում: Երեխեքին ուղարկենք թուրքի բերան,գնան, կամ կգան, կամ չեն գա, բա մենք ի՞նչ անենք: Հինգ տղա երեխա ունեմ, ո՞ւմ համար ուղարկեմ ծառայեն»,-ասաց նա:
41 ամյա Նարնե Կարապետյանը Շիրակի մարզի Հայկասար գյուղից տեղափոխվել է Մարալիկ, որպեսզի աշխատի, և երեխաներին կարողանա պահել: Նա տեղի բնակիչներից մեկի մոտ աշխատանքի է անցել, ում անասնագոմում էլ արդեն 10 տարի ապրում է:
Նարինե Կարապետյանը առողջական լորջ խնդիրներ ունի, պարբերաբար անկողնային վիճակում է հայտնվում, սակայն գումար չունենալու պատճառով չի կարողանում օգտվել բուժօգնությունից:
Չկարողանալով ապրուստի միջոցներ հայթհայթել, նա եխաներին հանձնել է տեղի «Թռչունյաց տուն» խնամքի կենտրոն, սակայն մտադիր է օր առաջ վերադարձնել նրանց:
«Տուն չունեմ, երեխաներիս բերեմ որտե՞ղ պահեմ: Գնում-գալիս ենք, կապը կա, բայց առայժմ չենք կարող միասին ապրել:Նիկո՛լ Փաշինյան, քանի անգամ եկաք Մարալիկ, մի անգամ հետաքրքրվեցի՞ք,թե քանի անապահով ընտանիք է ապրում այստեղ, թե՞ մենակ ձեր հա ու չեն է հետաքրքիր: Մարալիկցիները մա՞րդ չեն»,-վարչապետին դիմեց Նարինե Կարապետյանը:
Բազմազավակ մայրը 6 երեխա ունի, 5 տղա, 1 աղջիկ: Փոքր երեխան 3 տարեկան է: Ամուսնուց բաժանված է: Նարինեի խոսքով՝ ամուսինը մտավոր հետամնաց է, և ապրում է Հայկասարի իրենց տանը:
«Գոմի տերը ժամանակ է տվել, որ դուրս գանք, չգիտեմ ՝ ուր պիտի գնանք: Մարալիկի քաղաքապետին դիմել եմ, ասում է՝ գրանցում չունես, ո՞ւմ տան վրա գրանցեմ 7 հոգու ո՞ւմ վրա նպաստը կտրեմ: Ինձ ոչինչ պետք չէ, միայն տուն, թեկուզ վարձով, որ կարողանամ երեխաներիս հետ ապրել: Կաշխատեմ, կփակեմ վարձերը, ուղղակի հիմա շատ պարտքեր են կուտակվել վրաս, միայն նպաստով չեմ կարողանում լուծել բոլոր հարցերը»,-ասաց բազմազավակ մայրը:
Մանրամասները ՝ տեսանյութում:
Կարինե Գևորգյան