Մարդու իրավունքների տեսանկյունից անթուլատրելի մեթոդներ է կիրառում ամուսնուս նկատմաբ: Այս մասին ArmDay.am-ի հետ զրույցում Կոնստանտին Հովհաննիսյանի կինը՝ Շաքե Ղազարյանը:
Մարտի Մարտի 12-ին ԱԱԾ աշխատակիցները ներխուժել են Կոնստանտին Հովհաննիսյանի տուն, խուզարկություն կատարել և առանց ձերբակալման որոշման մասին թուղթ ներկայացնելու ձերբակալել նրան:
«Ամուսնուս ԱԱԾ են տարել վիրակապով, ոտաբոբիկ, ձեռնափայտով: Նա հունիսին երիկամի փոխպատվաստման վիրահատություն է տարել, տառապում է կալանքի հետ անհամատեղելի համարվող հիվանդություններով՝ դիաբետիկ ռետինոպաթիա, դիաբետիկ անգիոպաթիա, դիաբետիկ նեֆրոպաթիա, երկրորդ կարգի հաշմանդամ է: Դիալիզի հետևանքով նրա ձախ աչքը չի տեսնում, իսկ աջի տեսողությունը 10 տոկոս է: Մշտապես ընդունում է իմունոդեպրեսիվ դեղամիջոցներ, քանի որ ամեն րոպե երիկամի արտազատման վտանգ կա: Օրական ընդունում է 120-ից մինչև 270 միավոր ինսուլին, այն դեպքում, երբ օրական ընդունած 60-ից բարձր միավոր ինսուլինի դեղաչափը բավարար հիմք է կալանքը որպես խափանման միջոց չկիրառելու համար, քանի որ 60 միավորից բարձր ստացողների համար կալանքը օրենքով անթուլատրելի է»,-ասաց Շաքե Ղազարյանը:
Այնքան ծանր է եղել Հովհաննիսյանի վիճակը, որ նրա բժշկական փաստաթղթերին ծանոթանալով, ոչ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը, ոչ «Դատապարտյալների հիվանդանոցը» նրան չեն ընդունել: «Էրեբունի» բժշկական կենտրոնում նույնպես հրաժարվել են Հովհաննիսյանից:
Հովհաննիսյաի կինը նշեց, որ այս պահին ամուսինը Աստղիկ ԲԿ-ում է. հեռացրել են նրա ոտքի չորս մատը:Վիճակը գնալով ծանրանում է:
ArmDay.am-ը զրուցեց նաև Կոնստանտին Հովհաննիսյանի փաստաբան Ս. Սարգսյանի հետ, ով նշեց, որ բազմաթիվ նամակներ են ուղղել համապատասխան մարմիններին, սակայն դեռ պատասխան չեն ստացել:
«Չգիտեմ թե երբ, բայց մտադիր են իմ պաշտպանյալին տեղափոխել կալանավայր, ինչը սակայն անհամատեղելի է նրա հիվանդությունների հետ:Նա բժշկի վերահսկողության տակ պիտի լինի, կալանավայրի պայմանները բավարար չեն նրա խնամքի համար»,-ասաց նա:
Խնդրին ԱԺ ամբիոնից անդրադարձել են նաև պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Շաքե Իսայանը:
Դատապարտյալի կինը շեշտեց որ ամուսինը չի ընդունում իր մեղքը և կալանավորելու որոշումը, ըստ էության, ապօրինի է:
Նշենք, որ Կոնստանտին Հովհաննիսյանը մեղադրվում են փաստաթղթեր կեղծելու և խարդախության մեջ /քրեական օրենսգրքի 178-րդ և 325-րդ մաս/: Նրա դեմ ցուցմունք կա, թե նա, իբր, նոտարի կնիքներ է պատվիրել: Խուզարկության ժամանակ նրա բնակարանից հայտնաբերել են զենք-զինամթերք, որոնք, սակայն նրան չեն ներկայացրել ճանաչման: