Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է,Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը 27 տարեկան է։
ArmDay.am-ը տոնի հետ կապված զրուցել է Երևանի ԵԿՄ վարչության նախագահ ՄԷԳՎԱԽ կամավորական ջոկատի փոխհրամանատար, փոխգնդապետ, «Էլիպս» ռոք խմբի մեներգիչ Ռոմիկ Մխիթարյանի հետ:
Նշենք, որ «Ախպերս ու ես» սիրված հայրենասիրական երգը գրվել է 1990-ականներին՝ Արցախյան գոյամարտի թեժ տարիներին, հենց խրամատում: Երգի հեղինակը Աշոտ Բեգոյանն է, ով հայտնի է որպես գուսան Տոտիկ: Այն նվիրվել Ռոմիկ և Ռոլանդ եղբայրներին,ովքեր մասնակցել են 1989-1994թթ. բոլոր մարտական գործողություններին:
Ռոմիկ Մխիթարիանի խոսքով՝ մարդկային առումներով, դուխի առումով իրենց ժամանակաշրջանի և այսօրվա զինվորների միջև տարբերություն չկա:
«Նույն հերոսներն են կանգնած բանակում,դա մեր գենի մեջ է, մենք կռվող ժողովուրդ ենք, երբ մեզ պարտադրում են պատերազմ»,-ասաց նա:
Արցախյան պատերազմի հերոսը նշեց, որ այսօրվա բանակը շատ ավելի պատրաստված է,տեխնիկապես,սպառազինությամբ հագեցած է,զինվորն ավելի ապահով է ՝ ի տարբերություն 80-ականների պատերազմի:
Այն հարցին, թե ինչ կարծիք ունի, թշնամու՝ հույսեր փայփայելու հետ կապված, արդյո՞ք տարածքներ զիջելու վտանգ կա, Ռոմիկ Մխիթարյանը պատասխանեց.
«Հակառակորդը զուր հույսեր է փայփայում: Մենք դեռ տարածքներ պիտի վերադարձնենք, ի՞նչ տարածք տալու մասին է խոսքը»:
Անդրադառնալով զինվորի ապահովությանն ու ծառայության պայմաններին՝ մեր զրուցակիցը զինվորների հարազատներին կոչ արեց հանգիստ լինել,քանի որ այլևս ոչ ոք չի կարող գողանալ զինվորի բաժինը:
«Հայոց բանակը եղել է, կա և լինելու է կարևորագույն գործոնը մեր պետության մեջ: Շնորհավորում եմ ողջ հայությանը,քանի որ բանակը մեր ժողովրդինն է, մեր միակ կայացած արժեքն է: Շնորհավորում եմ մեր բոլոր ազատամարտիկներին, ովքեր արյուն են թափել, և որոնց շնորհիվ է ստեղծվել մեր հայոց բանակը,շնորհավորում եմ զինվորից մինչև գերագույն հրամանատար: Մաղթում եմ խաղաղ երկինք, բայց և հարկ եղած դեպքում՝ հաղթանակներ: Շնորհավորում եմ Եռաբլուրին, մեր Սպարապետին՝ իր երկնային բանակով»,-շնորհավորական խոսքով խոսքը եզրափակեց Ռոմիկ Մխիթարյանը: