2018 թվականն իր տեղը զիջեց 2019 թվականին: ArmDay.am-ը զրուցել է քաղաքական գործիչների հետ,պարզելու, թե որտեղ են նրանք դիմավորել տարվա գլխավոր տոնը ևարդյո՞ք քաղաքական գործիչները շարքային քաղաքացիների նման Ամանորը դիմավորել են ընտանիքի անդամների հետ`տանը: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ բլից հարցումը ներկայացնում ենք ստորև.
-Սիրու՞մ եք Ամանորը և ինչու՞:
-Այո, Ամանորը շատ եմ սիրում: Բացի ավանդական արժեքներից, բացառիկ ընտանեկան տոն է: Տարվա ընթացքում միշտ չէ, որ կարողանում ես պատշաճ ուշադրություն դարձնել քո հարազատներին, իսկ Ամանորը բոլորին համախմբելու հրաշալի առիթ է:
-Որտե՞ղ անցկացրիք Ամանորը:
-Բոլորս հավաքվեցինք Երևանի մեր հայրական տանը:
-Ի՞նչ եք անում 12-ը զարկելուց 10 րոպե առաջ:
-10 րոպե առաջ շամպայնն ու բաժակները պատրաստեցի, որպեսզի հասցնեմ 12-ը զարկելուն պես առաջին կենացը խմել:
-Ո՞րն է նոր տարվա գլխավոր խորհրդանիշը Ձեզ համար:
-Իմ երեխաներն են, որոնք ամենաշատն են ուրախանում այս տոնով:
-Ամանորի սեղանի ամենասիրելի ուտեստը:
-Սիրելի ուտեստն այն է, որն այդ պահին ուտում եմ ցանկությամբ, այլ ոչ թե ստիպված:
-Ամենասիրելի պահը Ամանորի հետ կապված:
- Նվերներ տալու պահը: Ես ավելի շատ սիրում եմ նվիրել, քան ստանալ:
-Ի՞նչ եք պարտադիր դնում Ձեր սեղանին:
- Հայկական ավանդական տոլմա:
-Տոների ընթացքում հետեւո՞ւմ եք Ձեր քաշին:
- Քաշին հետևում եմ, ամսի 1-ին և 7-ին, որպեսզի հասկանամ ավելորդ քաշն ու վերացնեմ այն:
-Ամանորի ամենասպասված նվերը:
-Անակնկալ նվերը:
-Ի՞նչ եք տանում Ձեզ հետ Ամանորին որեւէ մեկի տուն այցելելիս:
-Խմիչք և շոկոլադ:
-Ամենաուրախ ու ամենատխուր Ամանորը, որը ունեցել եք։
-Տխուր ամանորն այն է, երն նախորդ տարի ունենում ես կորուստ, իսկ ամենաուրախը, երբ կորուտներ չկան:
-Ամանորյա հայկական ավանդույթներից ո՞րն եք ամենաշատը սիրում եւ որը՝ամենաքիչը։
-Բոլոր ավանդույթներն էլ սիրում եմ: Չեմ սիրում հյուր գնալ, ավելի շատ սիրում եմ հյուր ընդունել:
-Ձմեռ պապ գոյություն ունի՞:
-Այո՛, Ձմեռ պապ գոյություն ունի, և նրա գոյությունը թանկ է նստում ինձ վրա:
-Վերջին անգամ ձնեմարդ ե՞րբ եք պատրաստել:
-Վերջին անգամ ձնեմարդ պատրաստել եմ 2015 թվականին:
-2019-ի Ձեր երազանքը:
-Ուզում եմ՝ առողջության և խաղաղության տարի լինի բոլորի համար:
-Ամանորի մասին Ձեր ամենասիրելի ֆիլմը:
-Բոլոր ֆիլմերը սիրում եմ, ու նայում եմ՝ անկախ նրանից, թե քանի անգամ եմ մինչ այդ նայել:
-Ո՞ր գույնը կասոսցացնեք Ամանորի հետ:
-Կանաչ:
-Ե՞րբ եք վերջին անգամ սրտանց ուրախացել:
-Երբ հայտնվում եմ լավ շրջապատում, որտեղ ոչ ես եմ որևէ տեղ ,շտապում ոչ՝ իմ հյուերը:
-Ամենազավեշտալի իրավիճակը, որում հայտնվել եք Ամանորին:
-Մի անգամ մանկապարտեզում ես էի Ձմեռ պապը և անգամ լրագրողները գլխի չէին ընկել այդ մասին:
Ի՞նչ էիք ցանկացել 2018-ից եւ ի՞նչ տվեց այն Ձեզ։
-2018 -ը կյանքի դասերի տարի էր և այդ դասերը ես սերտել եմ և չեմ մոռանա:
-Ի՞նչ թողեց Ձեզ անցնող տարին:
-Բյուրեղացած աշխարհայացք, ու էլի կարծրացած , բայց զգայուն սիրտ:
-2018 թվականին Ձեր թերացումը:
-Չեմ հասցրել կարդալ բոլոր այն գրքերը, որոնք նախատեսլ էի, դիտել այն ֆիլմերը, որոնք նախատեսել էի, և չեմ հասցրել պատշաճ զբաղվել ինձանով:
-Կա՞ ինչ-որ բան, որի համար ափսոսում եք:
-Որևէ բանի համար չեմ ափսոսում: Եղածը չես վերադարձնի, մնում է ճիշտ հետևություններ անել:
-Թեմա, որի շուրջ ժամերով կխոսեք տարվա բոլոր օրերին:
-Հայաստանի մասին:
-Քաղաքականությունը..
-Քաղաքականության մասին հիմա չեմ ուզում խոսել:
-Կինը քաղաքականության մեջ....
-Կինը քաղաքականության մեջ նույնն է, ինչ տղամարդը: Ես տարբերակում չեմ դնում այս հարցում: Կին քաղաքական գործիչներից ինձ համար իհարկե, առանձնանում է Արփինե Հովհաննիսյանը:
-Ո՞վ է հայ քաղաքական դաշտի Ձմեռ պապը:
-Հայ քաղաքական դաշտի Ձմեռ պապը , եթե ընդունենք, որ բարության և իմաստության խորհրդանիշ է, ապա ինձ համար նա Գալուստ Սահակյանն է:
- Տարվա մարդը:
-Հայ մարդն է, հայ զինվորը, ով ինձ համար բոլոր տարիների տարվա մարդն է:
-Տարվա բառը:
-Մտահոգ:
-Տարվա արտահայտությունը:
-Այն հարցն է, որը տալիս են ինձ երեխաներս. Պապ, ԱԺ-ից հետո որտե՞ղ ես աշխատելու:
- Ի՞նչ կմաղթեք հայ ազգին գալիք տարվա համար:
-Թող 2019 թվականը լինի սիրո, առողջության և խաղաղության տարի: