Քիչ էր մնում քաղմասում հայտնվեի. Նաիրա Զոհրաբյանը՝ Ամանորին իր հետ կատարվածի մասին (լուսանկարներ)


Քիչ էր մնում քաղմասում հայտնվեի. Նաիրա Զոհրաբյանը՝ Ամանորին իր հետ կատարվածի մասին (լուսանկարներ)
Դեկտեմբեր 31 23:00 2018

Հաշված ժամեր անց  կազդարարվի Նոր տարվա սկիզբը: Ամանորյա տոներին ընդառաջ ArmDay.am-ը զրուցել է քաղաքական գործիչների հետ,պարզելու, թե որտեղ են նրանք դիմավորելու տարվա գլխավոր տոնը ևարդյո՞ք քաղաքական գործիչները շարքային քաղաքացիների նման Ամանորը դիմավորելու են ընտանիքի անդամների հետ`տանը:ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա զոհրաբյանի  հետ   հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.

-Սիրո՞ւմ եք Ամանորը,  և ինչո՞ւ:

-Ընդհանրապես, ես տոնացույցում ու հիշատակի օրերի ցանկում մի լավ բեռնաթափում կանեի, սակայն նոր տարին բացառիկ է ինձ համար:Սիրում եմ,քանի որ դեկտեմբերի 31-ը տիեզերական չափումներով շատ սովորական մի օր է, բայց, չգիտես ինչու, այդ օրը բոլորիս մոտ մի անբացատրելի սպասում կա, հրաշքի սպասում, որ  նոր տարին բոլորիս համար լինելու է ավելի լավը և  բոլոր անհաջողությունները թողնելու ենք նախորդ տարում: Բոլորս ենթագիտակցորեն հավատում ենք, որ ցանկությունը, որ պիտի պահենք,անպայման իրականություն կդառնա:

-Որտե՞ղ եք անցկացնելու Ամանորը:

-Ես միշտ Ամանորը տոնել եմ Երևանում, սակայն 2014 թվականից այս կողմ, երբ մահացավ ամուսինս՝ Սամվել Մկրտչյանը, Նոր տարուն անընդհատ Երևանից փախչելու ցանկություն կա: Այս անգամ ես Ամանորը կդիմավորեմ Եգիպտոսում՝ Կարմիր ծովի ափին: Քիչ անց ես  կգնամ ծովի խորքը՝տեսնելու Կարմիր ծովի ֆանտաստիկ կոռալները:

-Ի՞նչ եք անում ժամը 12-ից 10 րոպե առաջ:

-Եթե Երևանում եմ լինում,ինչպես բոլորս, մտածում ենք, թե ինչ ենք  պակաս դրել սեղանին:Իսկ երբ Երևանում չեմ, պարզապես ծովի ափին նստում եմ մինչև ժամը 12-ը և հետո, ովքեր  ինձ հետ են լինում այդ ժամանակ նշում ենք Նոր տարին:

-Ո՞րն է Նոր տարվա գլխավոր խորհրդանիշը Ձեզ համար։

-Ես չեմ սիրում արհեսական ոչ մի բան: Ես հասկանում եմ, որ բնությանը վնաս ենք հասցնում, բայց ինձ համար Նոր տարվա խորհրդանիշը բնական եղևնին է՝իր  հոտով, որն ինձ մոտ հետաքրքիր ասոցիացիաներ է առաջացնում մանկության հետ կապված:

-Ամանորի սեղանի ամենասիրելի ուտեստը:

-Խոզի բուդը իմ դասակարգային թշնամին է: Ինձ համար նողկալի տեսարան է,  երբ տեսնում եմ ծանր,յուղոտ ուտեստներ ուտող հայ կնոջ:Ես առողջ ապրելակերպի կողմանկից եմ:Ինքս արևադարձային մրգերով հետաքրքիր աղցաններ եմ պատրաստում,և հնարավորինս թեթև ու բալանսավորված սննդակարգով եմ սեղանը զարդարում:

-Ամենասիրելի պահը Ամանորի  հետ կապված:

-Շատ եմ սիրում նվերներ տալ:Ես յուրաքանչյուրի նվերն ընտրելիս անհատական մոտեցում եմ ցուցաբերում: Հաճախ հատուկ մեկնում եմ այլ երկիր, որպեսզի նվերների հետաքրքիր ընտրանի ունենամ: Չեմ սիրում անկապ նվերներ նվիրել:

-Ի՞նչ եք պարտադիր դնում Ձեր սեղանին:

-Ունեմ աղցանների և  կոկտեյլների հետաքրքիր բաղադրատոմս, որը պարտադիր է մեր սաեղանին: Ես նաև շատ հետաքրքիր թեյ եմ պատրաստում խոտաբույսերից և մատուցում իմ պատրաստած պրոֆիտրոլներով (փոքրիկ էկլերներ՝պաղպաղակի միջուկով):

-Տոների ընթացքում հետևո՞ւմ եք Ձեր քաշին:

-Այո, ամսի 7-ից ես խստագույն դիետա կսկսեմ պահել, քանի ո,ր որքան էլ հետևենք, մի քնաի կիլոգրամ ավելանոմ է տոների ընթացքում:

-Ամանորի ամենասպասված նվերը:

-Նվերների հարցում շատ քմահաճ եմ: Ինձ համար դժվար է նվեր ընտրել: Ինձ հետաքրքիր նվերներ տալիս էր իմ ամուսինը. նա ամեն տարի իմ ծննդյան տոնին իմ նկարն էր նկարում ու նվիրում: 

-Ի՞նչ եք տանում Ձեզ հետ Ամանորին որևէ մեկի տւն այցելելիս:

-Չեմ սիրում նվերների շարանը, որ տանում են տնից տուն: Բոնբոներկաները, կամ արձանիկները: Ես յուրաքանչյուրի համար անհատական նվերներ եմ պատրաստում:Ինձ դուր է գալիս մարդկանց  ուրախությունը, երբ հավանում են իմ տարած նվերները:

-Ամենաուրախ և ամենատխուր Ամանորը, որն ունեցել եք:

-Ամենաուրախ Ամանորը 2004 թվականին է եղել, երբ ամուսնուս հետ Ամանորն անցկացրինք Արա լեռան գագաթի վրանի մեջ, որին նախապես պատրաստվել էինք: Ֆանտաստիկ գեղեցիկ էր ամեն բան: Ամենատխուրը 2014 թվականին էր, երբ դեկտեմբերի 7-ին մահացավ Սամվելը՝ամուսինս:

-Ամանորյա հայկական ավանդույթներից ո՞րն եք ամենաշատը սիրում և որը՝ ամենաքիչը։ 

-Հայկական ավանդույթներն Ամանորի հետ կապված շատ չեմ մտաբերում, սակայն մի անգամ որոշեցի իտալական մի ավանդույթի հետևել և քիչ մնաց հայտնվեի քաղմասում: Մի փոքրիկ պահարան ունեի ,որոշեցի 5-րդ հարկից  նետել  ներքև, սակայն սխալ հաշվարկ էի արել և միլիմետրերը փրկեցին այն մարդուն,ով այդ պահին գտնվում էր մեր շենքի ներքևում:

-Ձմեռ պապ գոյություն ունի՞:

-Բոլոր այն մարդիկ, ովքեր անշահախնդիր  նվիրվում,օգնում են մարդկանց, և այդ ամենը անում են լուռ, նրանք  բոլորն ինձ համար Ձմեռ պապիկներ են:Ես վստահ եմ, որ մեր քաղաքում էլ նման մարդիկ շատ կան:

-Վերջին անգամ ձնեմարդ  ե՞րբ եք պատրաստել:

-Վերջին անգամ ամուսնուս հետ եմ ձնեմարդ պատրաստել: 2013թվականն էր, Ծաղկաձորում էինք գտնվում:

- 2019-ի Ձեր երազանքը:

-Իմ սիրելի մարդիկ,  ովքեր թանկ են ինձ համար,լինեն առողջ: Իսկ երկրիս համար խաղաղություն եմ ուզում, ուզում եմ կորուստներ չունենանք: չլինի հիասթափություն այս հեղափոխությունից, քանի որ դա կլինի յուրաքանչյուրիս անձնական ողբերգությունը:

-Ամանորի մասին Ձեր ամենասիրելի ֆիլմը…

-«Բաղնիքդ անուշ»

-Ո՞ր գույնը կասոցացնեք Ամոնորի հետ։

-Միանշանակ ՝սպիտակ:

-Ե՞րբ եք վերջին անգամ սրտանց ուրախացել:

-Ես ուրախ ու լավատես մարդ եմ: Եվ չնայած քաղաքական գործիչ լինելով երբեմն կարիք է լինում ավելի զուսպ լինել, սակայն ես միշտ անմնացորդ ուրախանում եմ:

-Ամենազավեշտալլի իրավիճակը, որում հայտնվել եք Ամանորին:

-Ավելի զավեշտալի դեպք , քան  պահարանը  վերևից նետելու դեպքն էր, չկա:

-Կուզեիք, որ այս պահին…

 -Կուզենայի այս պահին ինձ հետ լինեին իմ հարազատները: 

-Ի՞նչ էիք ցանկացել 2018-ից և ի՞նչ տվեց այն Ձեզ: 

-Ցանկացել էի առողջություն և խաղաղություն: Ինչ-որ չափով ցանկությունս իրականացավ, քանի որ մենք  մեր երկրում կարողացանք ունենալ բացառիկ անարյուն հեղափոխություն, ինչը մեր  երկիրը կարող է զարգացման ճիշտ ուղու վրա դնել:

-Ի՞նչ թողեց Ձեզ անցնող տարին:

-Հանդիմումներ թողեց տարբեր հետաքրքիր մարդկանց հետ:

-2018 թվականին Ձեր  թերացումը:

-Երբեմն որպես կուսակցական ստիպված ես ընդունել խաղի այն կանոնները, որոնց  իրականում դեմ են քո սկզբունքները, քո ներքինը, քո հոգին ընդվզում է : Երբեմն ստիպված ես կոմպրոմիսի գնալ քո սկզբունքների  հետ, որպեսզի ընդհանուր գործը չտուժի, կամ որովհետև  այդպես է մտածում քո թիմի մեծամասնությունը: Ամեն ագամ այդ կոմպրոմիսին գնալուց հետո ես ինձ թևաթափ եմ զգում և կուզենամ, որ գալիք տարում նման իրավիճակներ չլինեն:

-Կա՞ ինչ-որ բան որի համար ափոսում եք:

-Երբեմն  ինչ -որ չնչին պատճառով կորցնում ենք մարդկանց:Ես իմ տեսակով մաքսիմալիստ եմ  և ինձ հետ դժվար է, սակայն ես կիսատ մարդկանց չեմ սիրում: Այդ ճանապարհին կորցնում ես մարդկանց, ում հանդեպ գուցե ավելի պահանջկոտ եմ գտնվել,  քան պետք է:

-Թեմա, որի շուրջ ժամերով կխոսեք տարվա բոլոր օրերին:

-Արվեստի մշակությի մասին կարող եմ ժամերով խոսել:Օրինակ Ռոդենի քանդակների մասին:

-Քաղաքականությունը….

-Իմ ամեն օրն է: Պրոֆեսիոնալ քաղաքական գործիչների համար այն թմրանյութի նման մի բան է դառնում և անգամ հանգստյան օրերին  զգում ես, որ ինչ-որ մի բան  պակասում է, որը հենց քաղաքականությունն է:

-Կինը քաղաքականության մեջ …

-Պետք է կարողանա կոտրել ստերեոտիպեր: Ասում են՝ հաջողված քաղաքական կին գոչծիչները անձնական կյանքում ձախողում են, սակայն ես վստահ եմ, որ այդպես չէ: Եթե կինը սիրված է իր ընտանիքում, նա կհաջողի նաև քաղաքականության մեջ: Չսիրված կինը քաղաքականության մեջ լինելու է չար ու անտանելի: Ես բացարձակ երջանիկ կին եմ, քանի որ ինձ սիրել է ամենաօրիգինալ, հանճարեղ տղամարդկանցից մեկը:

-Ո՞վ  է հայ քաղաքական դաշտի Ձմեռ պապը:

-Ովքեր լուռ անում են իրենց բարի գործն ու հաջորդ վայրկյանին մոռանում այդ մասին:

-Տարվա իրադարձությունն ըստ Ձեզ:

-Թավշյա հեղափոխությունը:

-Տարվա մարդը..

-Տարվա մարդը հայ զինվորից  բացի ՀՀ այն քաղաքացիներն են, ովքեր մշտապես իրենց հույսը չեն կորցրել անգամ այս ծանր ժամանակահատվածում:

-Տարվա բառը:

-Հեղափոխություն:

-Տարվա արտահայտությունը:

-Ես քո կլասիկ ցավը տանեմ:

-Տարվա քաղաքական գործիչը:

-Նիկոլ Փաշինյան:

-Ձեզ քննադատողները..

-Ինձ քննադատողների շարքում հիմնականում կանայք են, որոնց մոտիվացիան ինձ հասկանալի է: Ես նրանց մաղթում եմ երջանկություն, սեր, հաջողություն:

-Ի՞նչ կմաղթեք հայ ազգին գալիք տարվա համար:

-Չհիասթափվել այս հեղափոխությունից և դառնալ այս հեղափոխության մասնիկը: