Դեկտեմբերի 1-ին Ծաղկաձոր քաղաքում կայացավ ArmFC 19-ը, որի ժամանակ չեմպիոնական գոտու համար մենամարտեցին գերծանր քաշային կարգում վրացի մարզիկ Շոթա Բեթլեմիձեն և իրանցի Հոսեյին Հելալին։
Միավորների առավելությամբ՝ ArmFC 19 չեմպիոնական գոտին նվաճեց իրանցի մարզիկը:
ArmDay.am-ի հետ զրույցում 37-ամյա վրացի մարզիկը նշեց, որ մարտը տանուլ տվեց վնասվածքի պատճառով:
«Այս տարի արդեն 7-րդ մենամարտն անցկացրի, հավանաբար, մի քիչ հոգնել եմ: Երկու շաբաթ առաջ մարզումների ժամանակ ծնկի վնասվածք եմ ստացել,որից հետո մարզումներն էլ չկարողացա շարունակել: Ես պետք է վիրահատվեի, բժիշկն արգելեց մասնակցել մրցաշարին,բայց ես, այնուամենայնիվ, չհրաժարվեցի:Հակառակորդս լավ էր ուսումնասիրել իմ թույլ կետերը: Երրորդ ռաունդում արդեն ոտքս չէի զգում, չնայած փորձեցի ուժերս հավաքել, հինգ ռաունդ պայքարեցի, բայց ուժերս արդեն սպառվել էին, հոգնածություն էի զգում: Սա սպորտ է, և ոչ մի անձնական բան, հակառակորդիս ես ամենայն բարիք եմ մաղթում»,-ասաց նա:
Բեթլեմիձեն ռևանշ հայտարարեց մրցակցին, սակայն նա չընդունեց այն և ասաց, որ պետք է մտածի այդ մասին:
Նշենք, որ Շոթա Բեթլեմիձեն հինգ տարի շարունակ պարտության է մատնել իրանցի մարզիկներին:
Մրցաշարում հանդես եկան նաև Լիբանանի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի և իհարկե, Հայաստանի ուժեղագույն մարզիկներ։
8 մենամարտից 5-ում հաղթանակ տարան հայ մարզիկները, որոնց թվում են Ենոք Մելքոնյանը, Արմեն Հայրապետյանը, Ժորա Թումանյանը, Սարգիս Վարդանյանը,Սամվել Սարգսյանը:
«Խելահեղ և հետաքրքիր մրցաշար էր: Կարևորը` լուրջ վնասվածքներ չեղան: Այդ ամենի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմին: ArmFC վարկանիշային կազմակերպությունը միշտ իր անունը բարձր է պահում միջազգային հարթակներում: Մենամարտի որակական կողմը հաղթեց մարզիկների որակական կողմին: Մարզիկներն այսօր ցույց տվին իրենց ամբողջական ուժերը»,-ասաց Պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը:
Ֆեդերացիայի նախագահը նշեց, որ 51 մարզական ակումբ է գործում մարզերում, որտեղ մարզվողները հիանալի մարզավիճակում են գտնվում, ուստի՝ սպորտային ապագան լավ ձեռքերում է:
Նրա խոքսով՝ նման մրցաշարեր հաճախակի պետք է անցկացնել Հայաստանում, քանի որ հետաքրքրվողների թիվը գնալով մեծանում է:
ArmDay.am-ը զրուցեց նաև շոումեն Սամվել Գրիգորյանի հետ, ով վարում էր մրցաշարը:
Նա ողջ մարտի ընթացքում հուզվում ու անհանգստանում էր մենամարտողների հետ,հատկապես, երբ մենամարտող կողմերից մեկը հայ մարզիկն էր:
«Ես արվեստի բնագավառի մարդ եմ, ու այս ծեծերը, մարտերն ինձ համար անսովոր են: Շատ հուզված էի, հատկապես, երբ մենամարտոմ էին հայ մարզիկները: Իսկապես սպասում էի, որ Շոթան կհաղթի մենամարտում, ցավոք նա պարտվեց: Անհանգստությունից անգամ քթիցս արյուն է եկել»,-ասաց Սամվել Գրիգորյանը:
Նշենք, որ պլանավորվում է հոբելյանական ArmFC 20-ն իրականացնել մայիսին: Մրցաշարին կմասնակցի Ալբերտ Ղազարյանը, ով կպաշտպանի չեմպիոնական գոտին, իսկ Սամվել Սարգյսանը կպայքարի չեմպիոնական գոտու համար: