Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ հանրապետական և միջազգային բազմաթիվ երաժշտական մրցույթների դափնեկիրներ Անահիտ Դիլբարյանը, Էդուարդ Ներսիսյանը և Մերի Խոջայանը երաժշտասեր հասարակությանը ներկայացրեցին հայ և ճապոնական երաժշտության գոհարները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`սեպտեմբերի 13-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացած համերգին հնչեցին Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի և ճապոնացի կոմպոզիտորներ Հաջիմե Օկումուռայի, Ակիռա Իուկուբեի, Ակիո Յասիռոյի, Տակասի Յոսիմացուի ստեղծագործությունները:
«Կարևորում եմ ինչպես ճապոնական մշակույթը հայ երիտասարդներին մատուցելը, այնպես էլ մերը ճապոնացիներին ներկայացնելը»,- նշեց երիտասարդ և խոստումնալից սաքսոֆոնահար Էդուարդ Ներսիսյանը:
Նա ասաց, որ բազմաթիվ ճապոնացի կոմպոզիտորներ հրաշալի ստեղծագործություններ են գրել սաքսոֆոնի համար: Երաժիշտը խոստովանեց, որ ճապոնական գործերում սաքսոֆոնը հաճախ հնչում է այնպես, ինչպես ճապոնական սրինգը:
ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, դաշնակահար Անահիտ Դիլբարյանի խոսքով` միջոցառման նպատակը հայ-ճապոնական մշակութային հարաբերությունների կարևորությունն ընդգծելն ու դրանց զարգացմանը նպաստելն է: «Ավաղ, դեռ չեմ եղել Ճապոնիայում: Շատ կցանկանանք համագործակցել ճապոնացի երաժիշտների հետ, որպեսզի նրանք էլ հայկական գործեր նվագեն և համատեղ համերգ կազմակերպվի»,- ընդգծեց դաշնակահարը:
Նա շեշտեց, որ այս համերգային ծրագիրը կարևոր է նաև նրանով, որ Նիդերլանդներից իրենց է միացել սիրելի ընկեր, ջութակահարուհի Մերի Խոջայանը:
Հայ-ճապոնական մեղմ, բայցև զայրույթով, երբեմն բողոքով լի մեղեդիներն ունկնդրելու էին եկել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան, մի շարք բարձրաստիճան հյուրեր և արվեստագետներ: