«Արսենալի» ամենաբարձր վարձատրությամբ թոփ-5 ֆուտբոլիստները


«Արսենալի» ամենաբարձր վարձատրությամբ թոփ-5 ֆուտբոլիստները
Հուլիս 23 21:50 2018

2018-19թթ. մրցաշրջանն անցումային կլինի «Արսենալի» համար: 22 տարի անց լոնդոնյան թիմը նոր գլխավոր մարզիչ ունի՝ ի դեմս Ունաի Էմերիի: Խաղաոճի փոփոխությանը զուգահեռ, «Արսենալում» կփոխվեն ֆուտբոլիստների կարգավիճակները: Ակումբի համար ֆուտբոլիստի արժեքն ուղիղ համեմատական է նրան տրվող աշխատավարձի չափին. որքան կարևոր է ֆուտբոլիստը, այնքան թանկ է «տարիֆը»:

 

«Sportskeeda»-ն ներկայացրել է 2018 թվականի տվյալներով «Արսենալի» թոփ-5 ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստներին: Տեսնենք՝ առաջիկա մրցաշրջանում կպահպանվի՞ նման հերթականությունը:

 

5. Արոն Ռեմսի - շաբաթական 110 000 ֆունտ սթերլինգ

 

Ջեկ Ուիլշերի և Թեո Ուոլքոտի տեղափոխությունից հետո Ռեմսին թիմի միակ փորձառու բրիտանացի ֆուտբոլիստն է: 2017-18թթ. մրցաշրջանում նա 11 գոլ է խփել և 12 գոլային փոխանցում կատարել:

 

Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 12 ամսից: Կարծես, Էմերին Ռեմսիի հետ կապված ծրագրեր ունի, քանի որ կողմերը սկսել են պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները:

 

4. Սեադ Կոլաշինաց - շաբաթական 119 500 ֆունտ սթերլինգ

 

Կոլաշինացը Վենգերին տպավորեց «Շալկեում» ունեցած ելույթներով և անցյալ ամռանն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Արսենալ»: Սկզբնական շրջանում Կոլաշինացը տպավորեց, սակայն պարբերական վնասվածքների պատճառով աստիճանաբար զիջեց տեղը Նաչո Մոնրեալին: Սեադն Էմերիի խաղաոճին համապատասխանող ֆուտբոլիստ է, այնպես որ՝ բացառված չէ, որ նոր մրցաշրջանում նրան տեսնենք որպես հիմնական կազմի խաղացող:

 

3. Հենրիխ Մխիթարյան - շաբաթական 180 000 ֆունտ սթերլինգ

 

Եվս մեկ ֆուտբոիլստ, ով կարող է փայլուն հանդես գալ Էմերիի գլխավորությամբ: Տեղափոխությունից առաջ շատերը կարծում էին, որ Մխիթարյանին չի հաջողվի փոխարինել Ալեքսիս Սանչեսին, սակայն հայ ֆուտբոլիստը հակառակն ապացուցեց: Մխիթարյանն ունի անհրաժեշտ բոլոր որակները Ունաի Էմերիի դավանած ֆուտբոլին հարմարվելու և մարզչի սխեմաներում առանցքային օղակ դառնալու համար:

 

2. Պյեր-Էմերիկ Օբամեյանգ - շաբաթական 200 000 ֆունտ սթերլինգ

 

Հունվարին 56 միլիոն ֆունտ սթերլինգի դիմաց համալրելով «Արսենալի» կազմը՝ Օբամեյանգը դարձել է 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: 29-ամյա ֆուտբոլիստը պատճառներից մեկն է, որ «զինագործների» երկրպագուները լավատեսությամբ են սպասում 2018-19թթ. մրցաշրջանի մեկնարկին:

 

1. Մեսութ Օզիլ - շաբաթական 350 000 ֆունտ սթերլինգ

 

Այժմ «Արսենալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Մեսութ Օզիլն է: Նախորդ մրցաշրջանում Օզիլը հեռու էր իդեալական մարզավիճակից: Շատ հանդիպումների ժամանակ խաղադաշտում աննկատ մնալով հանդերձ՝ նախորդ մրցաշրջանում Օզիլը խփել է 5 գոլ և կատարել 14 գոլային փոխանցում: Տեսնենք՝ ինչպես կխաղա «զինագործների» ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստը Էմերիի գլխավորությամբ: