ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են կալանավորված Ստեփան Սամվելյանին. այցի մանրամասները հրապարակման ենթակա չեն


ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են կալանավորված Ստեփան Սամվելյանին. այցի մանրամասները հրապարակման ենթակա չեն
Օգոստոս 1 15:51 2025

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները օգոստոսի 1-ին արագ արձագանքման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

 

«Նպատակն էր տեսակցել կալանավորված անձ Ստեփան Սամվելյանին, ում առողջական վիճակի մասին հրապարակումներ էին տարածվել սոցիալական մեդիայում և լրատվամիջոցներում, ինչպես նաև ահազանգեր էին ներկայացվել Պաշտպանին: Այցի մանրամասները խորհրդապահական են՝ հրապարակման ենթակա չեն:

 

Ուսումնասիրվել են անձի իրավունքների (այդ թվում՝ առողջության պահպանման) ապահովման վիճակը, պահման պայմանները և այլն: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ձեռնարկվել և ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր ազատությունից զրկված անձի բժշկական օգնության և սպասարկման պատշաճ ընթացքն ապահովելու ուղղությամբ:

 

Այցի արդյունքներն ամփոփվում են, արձանագրված խնդիրների կապակցությամբ Պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ»,- ասվում է ՄԻՊ հաղորդագրությունում։

 

Նշենք, որ Ստեփան Սամվելյանը կալանավորվել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի դեմ մահափորձ նախապատրաստելու համար։ Նա չի ընդունում մեղադրանքը։