Այսօր Սամվել Կարապետյանի կալանավորումով ուրախացողներին ուզում եմ տխրեցնել՝ վաղն իրենք են վճարելու հոսանքի թանկացման համար, 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասել է Հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու, «Վալլեքս» խմբի ընկերությունների ավագ փոխնախագահ Վարդան Արամյանը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ) ընկերությունը մինչև 2014 թվականը հանդիսանում էր «Ինտեր ՌԱՕ» ընկերության սեփականությունը. ընկերություն, որը ՀԷՑ-ը կառավարում էր շատ վատ։ Այդ վատ կառավարման մասին են փաստում առաջատար աուդիտորական ընկերությունների կողմից անցկացված աուդիտների արդյունքները, ըստ որոնց՝ մինչև 2014 թվականը ՀԷՑ-ն աշխատել է տարեկան 9-10 միլիարդ դրամ վնասով։ Իսկ ի՞նչ եղավ 2014 թվականից հետո, երբ ՀԷՑ-ի սեփականատեր դարձավ ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանը։ Ըստ աուդիտորական ընկերությունների, ՀԷՑ-ը սկսեց աշխատել տարեկան 20 միլիարդ դրամից ավելի շահույթով, որը Կարապետյանը չվերցրեց, այլ վերաներդրեց ՀԷՑ-ում՝ որպես ներդրում»,- նշել է Արամյանը։
Նրա խոսքով՝ եթե Սամվել Կարապետյանի թիմն արդյունավետ կառավարած չլիներ ՀԷՑ-ը, ապա հոսանքի սակագների բարձրացում կլիներ։
Ինչ վերաբերում է հոսանքի անջատումները որպես ՀԷՑ-ի կառավարման վատ որակի ցուցիչ ներկայացնող մարդկանց՝ Արամյանը վերջիններիս բացատրել է՝ դա պայմանավորված է Երևան քաղաքում տրված շինթույլտվությունների աճով, հետևապես՝ պետք է գնալ և հարցեր ուղղել Երևանի քաղաքապետարանին, որը տված շինթույլտվությունների չափով դարձել է ինչպես հոսանքազրկումների, այնպես էլ՝ ջրանջատումների պատճառ։