Փաշինյանի նպատակը Եկեղեցին գլխատելը և ամբողջապես թուլացնելն է․ «Փաստ»


Փաշինյանի նպատակը Եկեղեցին գլխատելը և ամբողջապես թուլացնելն է․ «Փաստ»
Հուլիս 24 09:58 2025

 

 

 

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հատկապես վերջին շրջանում, առավել ևս՝ սոցցանցային հարթակներում նաև լրահոսում հաճախ կարելի է հանդիպել արտահայտություններ, պահանջներ, թե «Եկեղեցին այս պետք է անի… Կաթողիկոսն այն պետք է անի…»:

 

Հայաստանի իշխանությունն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի կողմից Հայ առաքելական եկեղեցու վրա իրականացվող վայրագ ու հիրավի աննախադեպ հարձակման խորապատկերում նման արտահայտությունները՝ առանձին անհատների, սովորական քաղաքացիների, պարզ հավատացյալների կողմից, բնականաբար, կարելի է հասկանալ: Զգացմունքային առումով նման անհատական արձագանքները ընկալելի, ինչ-որ տեղ օրինաչափ են, թերևս:

 

Բայց մյուս կողմից՝ տարօրինակ է ընկալվում, երբ ինչ-ինչ քաղաքական

գործողություններ կամ հայտարարություններ Մայր Աթոռից ու Ամենայն Հայոց կաթողիկոսից ակնկալում են քաղաքական շրջանակները:

 

Տպավորություն է ստեղծվում, որ շատերը Եկեղեցին ուզում են բերել քաղաքական պայքարի առաջնագիծ: Այսինքն՝ քաղաքական պայքարի առաջին պլանում ուզում են դնել կամ տեսնում են Վեհափառին կամ ՀԱԵ-ն: Դա, կարծում ենք, ճիշտ մոտեցում չէ, եթե ուղղակիորեն չասենք, որ սխալ է:

 

Ի պատիվ Վեհափառի ու Մայր Աթոռի, պետք է ասել, որ ՀԱԵ-ն հնարավորինս խուսանավում է ուղղակիորեն քաղաքական պայքարի մեջ ներքաշվելուց և, չնայած պետական իշխանության կողմից թիրախային հարվածներին, սադրանքներին, չնայած կալանավորումներին ու ահռելի ապատեղեկատվական և քարոզչական ճնշմանը, մնում է իր դիրքերում: Այո, Եկեղեցին մնում է իր բարձրության վրա: Եվ, ի պատասխան Փաշինյանի կողմից «հոգևոր հավաք», ապա՝ Սուրբ Էջմիածնի վրա գրոհելու սադրիչ նախաձեռնության, Մայր Աթոռի վերջին հայտարարությունն էլ վերը ասվածի վկայությունն է:

 

Այս առնչությամբ պետք է նկատել, որ Եկեղեցին քաղաքական կուսակցություն չէ: Եկեղեցին կարող է լինել հասարակական հարաբերությունների, ազգային արժեքների, համազգային խնդիրների շուրջ համախմբման հարթության վրա: Իսկ քաղաքական ուժերը այդ նույն խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ պետք է ձևակերպեն իրենց մոտեցումները, նախանշեն քաղաքական լուծումներ, ըստ այդմ՝ իրականացնեն քաղաքականություն կամ քաղաքական գործունեություն: Ավելի պարզ. զուտ կենցաղային ընկալման հարթության վրա միանգամայն տրամաբանական հարց է ծագում. լավ, եթե Եկեղեցին պետք է լինի քաղաքական պայքարի առաջնագծում, հապա քաղաքական ուժերի անելիքը ո՞րն է, ինչի՞ համար են այդ քաղաքական ուժերը, կուսակցությունները:

 

Ավելին, եթե Եկեղեցին ուղղակիորեն ներքաշվի բուն քաղաքական պայքարի մեջ, ապա կտրուկ կուժեղանան բարոյահոգեբանական առումով դեպի լիարժեք պարտություն ու խայտառակություն սլացող Նիկոլ Փաշինյանի դիրքերը: Ավելին, հիմա Փաշինյանի իշխանությունը նաև խնդիր ունի «դրսի ուժերին», հատկապես իրեն սատարող արևմտյան որոշ շրջանակների բացատրելու, արդարանալու Եկեղեցու դեմ իր հարձակումների հետ կապված: Չգիտեմ, շատերն են հասցրել նկատել, թե ոչ, բայց հատկապես հոգևոր-հասարակական միջազգային կառույցներից կա որոշակի ճնշում և հակազդեցություն փաշինյանական կառավարությանը՝ Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումների հետ կապված:

 

Իսկ եթե Եկեղեցին տրվի տարբեր կուսակցական շրջանակների հորդորներին ու գա քաղաքական պայքարի առաջնագիծ, դա շահեկան կլինի նույն Փաշինյանի համար:

 

Էլի՝ շատ պարզ. նա միանգամից իր ագրեսիվ գործելակերպը կփաթեթավորի «քաղաքական պայքարի» տրամաբանության մեջ, բոլորին ու հատկապես «դրսի ուժերին» կասի՝ տեսեք, որ Եկեղեցին ուզում է աշխարհիկ իշխանությունը վերցնել, ըստ այնմ՝ լրացուցիչ արդարացում կգտնի՝ էլ ավելի ընդգրկուն ռեպրեսիաներ իրականացնելու համար:

 

Հարցը այն չէ՝ պաշտպանե՞լ ազգային Եկեղեցին, թե՞ ոչ: Նույնիսկ անհարմար է նման հարց հնչեցնելն ու շարադրելը: Առավել ևս, որ երեկ արդեն Նիկոլ Փաշինյանն ակնհայտ «վառեց» իրեն, որ իր նպատակը բացառապես Հայ առաքելական եկեղեցու թուլացումն է, ինչը նաև թուրք-ադրբեջանական տանդեմի վաղեմի երազանքն է: Տեսք, նա արձակուրդի օրերին եկել է «եզրահանգման», որ Կաթողիկոսին պետք է հեռացնել, նշանակել ժ/պ (ինչպիսի ծաղր Եկեղեցու հանդեպ), և ուշադրություն… «Կաթողիկոսական նոր ընտրություններ տեղի չեն ունենում, քանի դեռ…»՝ ինչ-որ հեքիաթներ: Սա ինքնին խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի գլխավոր նպատակը Եկեղեցու գլխատումն է բառիս բուն իմաստով ու տևական ժամանակ (առնվազն մինչև ընտրություններ) փաստացի իր ենթակայության տակ դնելը, որպեսզի ավելի հեշտ կարողանա քանդել այն:

 

Ուրեմն, վերադառնանք գլխավոր հարցին՝ պաշտպանե՞լ ազգային Եկեղեցին, թե՞ ոչ: Անկասկած պաշտպանել: Այդ առումով քաղաքական ուժերը (նկատի ունենք, բնականաբար, ոչ իշխանական ուժերին) պետք է որոշակիորեն համագործակցեն՝ հաշվի առնելով հասարակական տրամադրությունները, ազգային առաջնահերթությունները: Ու այստեղ չարժե նստել ու սպասել, թե ով երբ ինչ կոչ կանի, որ միայն դրանից հետո այս կամ այն կուսակցությունը կամ շրջանակն «իրար գա»: Քաղաքական ուժերի խնդիրը (եթե կուզեք՝ առաքելությունը) հասարակության ակտիվ ու ոչ անտարբեր հատվածին Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության շուրջ համախմբելն է, հասարակականքաղաքական ու նաև լրատվական հարթակներում այդ պաշտպանությունը համակարգված իրականացնելը:

 

Մի խոսքով, քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական ուժերն ու գործիչները՝ համախմբված Եկեղեցու շուրջ: Սա է բանաձևը: Այլ ոչ թե նստել ու սպասել, թե Եկեղեցին, Մայր Աթոռը ինչ են ասելու կամ անելու: Թե՛ քաղաքական, թե՛ մարդկային, թե՛ մարտավարական առումով սխալ է ամեն ինչ բարդել Կաթողիկոսի ուսերին ու Մայր Աթոռի վրա: Ու ազնիվ չէ նաև:

 

Առավել ևս, որ Նիկոլ Փաշինյանը հետևողական է իր քանդարարության մեջ, հերթը Եկեղեցունն է՝ իր ծանրագույն հետևանքներով Հայաստանի ու հայ ժողովրդի համար: