«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եկեղեցու դեմ կատարվելիք գործողություններից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմից շատ քչերն են տեղյակ: Թե ինչ է սպասվում առաջիկայում, գիտեն սակավաթիվ մարդիկ:
«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը թիմին տեղեկացրել է, որ կոնկրետ պլան ունեն՝ Վեհափառին Վեհարանից հեռացնելու վերաբերյալ, բայց թե կոնկրետ ինչ պլանի մասին է խոսքը, ՔՊ-ականները տեղյակ չեն. սպասում են: Դա է նաեւ պատճառը, որ շատերը մեկնել են արտերկիր՝ հանգստի, բայց սրտատրոփ սպասում են Նիկոլ Փաշինյանի հրահանգին, որը հայտարարել է, թե ինքն է առաջնորդելու Վեհարանի «ազատման» հանրահավաքը Էջմիածնի հրապարակում:
Կարելի է ասել՝ ՔՊ-ում, Կառավարությունում անորոշ, լարված իրավիճակ է այս առումով:
Ի դեպ, ինչպես ArmLur.am-ն էր ներկայացրել, Կառավարության շուրջ 15 պաշտոնյա եւս արձակուրդում է կամ առաջիկա օրերին մեկնելու է արձակուրդի, այսինքն՝ իշխանականները ստիպված որոշել են պլանավորել իրենց արձակուրդները: Իսկ թե կոնկրետ ինչ պլաններ ունի Փաշինյանը, երբ է պատրաստվում Վեհարան գնալ, գիտի միայն ինքը՝ Փաշինյանը»։