Սա իրանցիների պատերազմն էր՝ սեփական հայրենիքը պաշտպանելու նպատակով․ Վարդան Ոսկանյան


Սա իրանցիների պատերազմն էր՝ սեփական հայրենիքը պաշտպանելու նպատակով․ Վարդան Ոսկանյան
Հունիս 24 20:47 2025

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Իրանի դեմ Իսրայելի ագրեսիային է անդրադարձել․

 

«Կասկած չկա, որ Իրանի դեմ իսրայելական ագրեսիան ուներ շատ կարևոր մի նպատակ, որը չէր էլ թաքցվում և հրամցվում էր «ռեժիմի փոփոխություն» փաթեթավորմամբ։

 

Իրականում դա Իրանը ներսից քայքայելու և փաստացիորեն մասնատելու նպատակ էր, որի խթան պետք է դառնային իսրայելական և ամերիկյան հարվածները։

 

Հաշվարկը սակայն սխալ էր կառուցված, նախևառաջ, մեկ հիմնական օբյեկտիվ պատճառով՝ Իրանն, ի տարբերություն Մերձավոր Արևելքի մի շարք պետությունների, գաղութատիրական քաղաքականության ծնունդ չէ, այլ ավելի քան 2500-ամյա պետական և քաղաքակրթական ավանդույթի շարունակություն։

 

Սուբյեկտիվ գործոններից պետք է նշել, որ Իրանի վերնախավերը կարողացան ներքաղաքական և ներհասարակական ընկալումներում շատ կարճ ժամանակում այս պատերազմը դարձնել համաազգային կամ հայրենական պատերազմ։

 

Միջին վիճակագրական իրանցու պատկերացումներում սա այլևս «անհասկանալի» բախում չէր Սիրիայում, Իրաքում, Լիբանանում կամ այլուր «ինչ-որ արաբների» համար, սա հենց իրանցիների պատերազմն էր սեփական հայրենիքը պաշտպանելու նպատակով, ինչն առաջացրեց ներքաղաքական և հասարակական աննախադեպ համախմբում երկրի ներսում՝ ապահովելով անհրաժեշտ դիմակայունություն։

 

Ի դեպ, սա նաև հսկայական կրեդիտ է իրանական վերնախավերի համար, որոնք ճիշտ գործելու դեպքում, կարող են համախմբման այս հսկայական ներուժն ուղղել Իրանի էլ ավելի հզորացման ուղղությամբ»։