Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Սըր Քիր Սթարմերին Ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ։
Գոհունակությամբ եմ ընդգծում, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ՝ հիմնված ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար սկզբունքների վրա։
Այս համատեքստում հատկապես կարևորում եմ Միացյալ Թագավորության աջակցությունը Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին։
Հայաստանի Կառավարությունը հանձնառու է խորացնելու գործընկերային կապերն ու ամրապնդելու երկկողմ համագործակցությունը՝ առաջնորդվելով Հայաստան–Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսության ոգով՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։
Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն, իսկ Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և խաղաղություն»։